Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում` ցույց տալով 16,40 արդյունք:
ArmSport-ի հետ զրույցում Աղասյանը պատմել է Կոնգոյում ընթացող խաղերի կազմակերպվածության, պայմանների և այլնի մասին:
«Նախ և առաջ միջոցառման կազմակերպվածությունը շատ ցածր մակարդակի վրա էր ` չնայած նրան, որ օրեցօր փորձում էին որոշ բաներ շտկել։ Ճաշարանի երկար հերթ, ապրելու մինիմալ պայմաններ (մեր պատկերացմամբ մինիմալ, որովհետև իրենց համար երևի նորմալ էր այդ վիճակը), տրանսպորտի անկանոն երթևեկություն, ընդհանուր լվացարաններ և այլն։ Կարծում եմ ` մեր պատվիրակությունը նման պայմանների չէր հանդիպել այսքան ժամանակ»,- ասում է Աղասյանը:
Այդուհանդերձ՝ աթլետիկայի մրցումներն, ըստ Լևոնի, անցկացվել են բարձր մակարդակում. «Ճիշտ է, խանգարող հանգամանքները շատ էին, բայց կարողացանք մեդալներ նվաճել։ Իմ ելույթից ընդհանուր առմամբ գոհ եմ։ Արդյունքս գոհացուցիչ չէ, բայց բավականին հեռու ցատկեր կատարել եմ` հաշվի առնելով քամու հանդիպակաց լինելը»:
Մարզիկն ընդգծում է՝ Կոնգո մեկնելն ու Ֆրանկոֆոնիայի խաղերին մասնակցելը հետաքրքիր փորձառություն է, և բոլոր մարզիկներն աշխատում են առավելագույնը քաղել դրանից. «Նաև կարծում եմ, որ հետագայում նման երկիր գալուց առաջ պետք է ամեն ինչ լավ հաշվարկել»:
Հիշեցնենք՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում Հայաստանը աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում ներկայացնում է 19 մարզիկ: