Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» 2։1 հաշվով հաղթեց «Կալմարին» և դուրս եկավ հաջորդ փուլ։ Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում երևանյան թիմի կիսապաշտպան Արտակ Դաշյանը խոսել է իր խփած գոլի մասին։
Հայ կիսապաշտպանը սեփական կիսադաշտից կատարած հարվածով գրավել էր մրցակցի դարպասը։
«Հովոն գնաց պայքարի, խլեց գնդակն ու այն հայտնվեց ինձ մոտ, նայեցի դարպասապահին, նկատեցի՝ առաջ էր եկել։ Հարմար չէր առաջին հպումից հարված կատարելը, այդ պատճառով էլ երկրորդ հպումից գնդակն անցկացրի դարպասապահի վրայով»,- ասել է Դաշյանը։
«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի նորվեգական «Բուդյո Գլիմտի» հետ։