«Բավարիայի» նախկին հարձակվող Լուկաս Պոդոլսկին մեկնաբանել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հնարավոր տեղափոխությունը մյունխենյան ակումբ։
Ավելի վաղ «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել էր, որ թիմը պայմանագիր կկնքի 29-ամյա անգլիացու հետ, եթե նա «պահի իր խոսքը»:
«Կարո՞ղ է «Բավարիան» ավարտել Քեյնի տրանսֆերը: Կարծում եմ՝ այո։ Երբ Ուլի Հյոնեսը նման հայտարարություն է անում, դրա հետևում ինչ-որ բան կա:
«Բավարիայի» համար Հարի Քեյնը միակ հարձակվողն է, որն իսկապես կարող է օգնել նրանց: Նա ճիշտ տարիքում է՝ դասական 9 համար, և գոլեր է խփում։ Ֆուտբոլիստ, որը կատարյալ է «Բավարիայի» համար»,- Պոդոլսկու խոսքն է մեջբերում լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
2022/23 մրցաշրջանում Քեյնը լոնդոնցիների կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը։