Թեքբոլի միքս զուգախաղում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Վարդանյանն ArmSport-ի հետ զրույցում գնահատել է Լեհաստանում ավարտին մոտեցող Եվրոպական ամառային երրորդ խաղում իրենց ելույթները:
«Կարծում եմ՝ խաղային օրը կարող ենք ստացված համարել, քանի որ հասել ենք մինչև քառորդ եզրափակիչ: Խմբային փուլում հանդիպեցինք շատ բարդ մրցակիցների, որտեղ դժվարությամբ կարողացանք առավելության հասել երեքսեթանոց խաղերում: Քառորդ եզրափակչում արդեն Չեխիայի ներկայացուցիչներն իրենց բազմամյա փորձով ու որակներով ավելի ուժեղ գտնվեցին: Իհարկե, իրատեսական էր նաև հաղթանակը, քանի որ եթե կարող ես հաղթել մեկ սեթ, կարող ես հաղթել նաև ամբողջ խաղը: Անպարտելիներ չկան, բայց այսօր այսպես ստացվեց:
Ամեն դեպքում, Քրիստինեի հետ մենք բավական ուշ ենք սկսել միասին խաղալ, նախկինում միշտ միայն տղաների զուգախաղում էինք հանդես գալիս, այնպես որ այսօրվա արդյունքը շատ լավ եմ գնահատում»,- ասում է Ռաֆայել Վարդանյանը:
Վաղը՝ մրցումային վերջին օրը, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս կգան Գոռ Սարգսյանն ու Ռաֆայել Վարդանյանը` հանդես գալոսվ թիմային միքսում: Վարդանյանի խոսքով՝ սպասելիքները մեծ են:
«Մեծ սպասելիքներ ունեմ Գոռի հետ վաղվա մեր մրցելույթից: Գոռն անհատապես շատ լավ է խաղում ու օգնում է նաև զուգախաղում: Հուսամ՝ կստացվի հաջողության հասնել»,- եզրափակում է մարզիկը:
Հիշեցնենք՝ Եվրոպական ամառային երրորդ խաղերի ընթացքում ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 26 մարզաձևերում պայքարում են մեդալների 253 հավաքածուի համար: Հայաստանը 57 մարզիկ է ներկայացրել` 9 մարզաձևում: