Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը ArmSport-ի հետ զրույցում ամփոփել է իր և Հայաստանի թիմի ելույթները Եվրոպական ամառային երրորդ խաղերում:
Հիշեցնենք՝ Աղասյանը Կրակովում ընթացող ամառային Եվրոպական խաղերում առաջին տեղն է գրավել եռացատկ մարզաձևում: Նա ցույց է տվել 16 մ 36 սմ արդյունք՝ 45 սմ-ով առաջ անցնելով երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մարզիկներից: Հայաստանի աթլետիկային հավաքականը երրորդ դիվիզիոնում 15 երկրների պայքարում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
«Արդյունքիցս չեմ կարող ասել, որ գոհ եմ, բայց հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, կարող եմ ասել՝ ուրախ եմ, որ առաջին հորիզոնականը զբաղեցրի: Երկրորդ տեղը զբաղեցրած Ադրբեջանի ներկայացուցչի ցույց տված արդյունքը գերազանցեցի 45 սմ.-ով, ինչը բավական մեծ տարբերություն է: Գիտեմ, որ կարող էի ավելին ցատկել, ու ամեն ինչ կանեմ՝ հետագա մրցաշարերում ցուցանիշս բարելավելու համար: Ամեն դեպքում, ինչպես ցանկացած մրցում, սա ևս կարևոր փորձառություն էր՝ ցատկն ուղղելու ու հետագա սխալները շտկելու տեսանկյունից»,- ասում է Լևոն Աղասյանը՝ ընդգծելով, որ Լեհաստանում անցկացվող Եվրոպական խաղերն իր բարձր մակարդակով և կազմակերպվածության առումով չի զիջում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին:
Եվրոպական ամառային երրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Լևոնը Հայաստանի թիմի դրոշակակակիրն էր՝ թիմակից Գայանե Չիլոյանի հետ: Ասում է՝ նման հնարավորությունը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր.
«Նման մեծ մրցաշարում քո երկիրը ներկայացնելն ու դրոշը տանելը մեծ պատիվ է: Բացման արարողությունն էլ բավական վառ ու հետաքրքիր էր կազմակերպված: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր: Հանդիսականներն էլ մեծ ոգևորությամբ էին դիմավորում բոլոր թիմերին: Աթլետիկայի թիմով բավական լավ բացում արեցինք. մաղթում եմ, որ մեր մյուս թիմերն էլ հաջող ելույթներ ունենան՝ փակումը ևս լավ անցկացնելու համար»,- ասում է Լևոն Աղասյանը:
Անդրադառնալով մրցելույթներին՝ Լևոն Աղասյանն ընդգծում է՝ միշտ ավելի լավ հանդես գալու ու ավելացնելու տեղ կա, այդուհանդերձ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ Հայաստանի թիմի մրցելույթները կարելի է գոհացնող համարել:
«Թե՛ մարզումային պայմանների , թե՛ մեր երկրում տիրող իրավիճակի հետևանքով աթլետիկային հատկացվող ուշադրության պայմաններում՝ մենք վերջին տեղում չենք, իսկ դա արդեն լավ է: Ամեն դեպքում, կարող էինք ավելի մեծ արդյունք գրանցել»,- նշում է մարզիկը:
Նրա խոսքով՝ աթլետների համար վարկանիշային պատուհանը սկսվելու է 2023 թվականի հուլիսի 1-ից և շարունակվելու է մինչև 2024 թվականի հունիսի կեսերը: Աթլետները կարող են վարկանիշ նվաճել կա՛մ լրացնելով վարկանիշային արդյունքը, ինչն Աղասյանի խոսքով բավական բարդ է, կա՛մ վարկանիշային միավորներ վաստակելով:
«Երկու ցուցանիշներով էլ ընդհանուր առմամբ շուրջ 26 ուժեղագույն մարզիկ ամբողջ աշխարհից կմասնակցի Օլիմպիական խաղերին: Նախատեսում եմ սահմանել հենց վարկանիշային արդյունք, որն իմ կարիերայի լավագույն արդյունքն է լինելու: Վարկանիշային մրցաշարերը կմեկնարկեն հուլիսի 1-ից: Աստիճանաբար մարզավիճակ հավաքելով՝ կփորձեմ այն իրականացնել: Երբ գիտես, որ ունես ուղեգիր, աշխատանքն ավելի համակարգված ու հանգիստ ես կատարում»,- ասում է Լևոն Աղասյանը:
Վարկանիշային առաջին մրցաշարը կանցկացվի հուլիսի 1-2-ը Ղազախստանում: Թեև Աղասյանի մասնակցությունը դեռևս վերջնականապես չի հաստատվել, բայց մարզիկի խոսքով՝ ինքը պատրաստ է լավագույնս մասնակցել ու պայքարել օլիմպիական ուղեգրի համար: