Հունիսի 19-ին Երևանում կայացավ Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրի Հայաստան-Լատվիա հանդիպումը, որն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Խաղից հետո ArmSport-ը զրուցել է հավաքականի նորեկ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հետ։
-Ի՞նչ կասես խաղի մասին։
-Նախևառաջ, մեծ հաղթանակ էր։ Ուելսի դեմ խաղից ընդամենը 3 օր էր անցել և առանց մեծ ռոտացիաների դժվար է հաղթանակ տանելը։ Բայց երեկ բոլորս 200% ներդրեցինք այդ հաղթանակի համար։ Մենք պայքարում էինք, մենք ավելի լավն էինք երեկ ու մեր մրցանակը եկավ 90 րոպե անց։ Շատ երջանիկ ու հպարտ եմ այս թիմի մասը լինելուս համար։
-Մարզադաշտի մթնոլորտը քեզ դուր եկա՞վ։
-Իհարկե։ Ապշեցուցիչ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք առաջնորդեցին մեզ ու ուժ տվեցին այդ հաղթանակի համար։
-Ուելսի՞ դեմ խաղն էր ավելի դժվար, թե՞ Լատվիայի։
-Մենք Ուելս էինք մեկնել որպես աութսայդեր ու հաղթանակ տարանք, իսկ Լատվիայի դեմ խաղում ֆավորիտ էինք ու ակնկալվում էր, որ 3 միավոր կվաստակենք։ Խաղը շատ դժվար էր, բայց մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք ամեն ինչի։ Այս թիմը երիտասարդ է ու հաղթանակների ծարավ։
-Ինչպե՞ս ես քեզ զգում Հայաստանի հավաքականում։
-Հիանալի։ Առաջին օրվանից ինձ այնպես են ընդունել՝ ասես մի քանի տարի է այնտեղ եմ խաղում։ Շատ ուրախ եմ դրա համար։ Սա իսկապես հիանալի մարդկանց խումբ է՝ խաղացողներից ու մարզիչներից սկսած՝ բժիշկներով վերջացրած։
-Քեզ համար անակնկա՞լ էր հավաքական հրավիրվելը։ Ինչպե՞ս իմացար այդ մասին։
-Իմացա, երբ ֆեդերացիան կապ հաստատեց ինձ հետ, բայց պաշտոնապես իմացա հայտացուցակից։ Իսկապես երջանիկ էի, որովհետև ինչպես ասել եմ՝ ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնելը։ Ես ինձ այստեղ տանն եմ զգում և սիրում եմ այս երկիրն ու մարդկանց։ Ազգային հավաքականն իմ կարիերայի թագը կլինի, և ես ամեն ինչ կանեմ մեծ արդյունքներ գրանցելու համար։ Շատ լավ ենք սկսել։
-Ի՞նչ ես կարծում՝ ինչպես «ստիպեցիր» մարզչին հավատալ քեզ։
-Իսկապես չգիտեմ (ծիծաղում է՝ հեղ․)։ Բայց երևի նա տեսել է, որ ասում եմ՝ կարող եմ դաշտում ու դրա սահմաններից դուրս օգնել ազգային հավաքականին իմ էներգիայով ու ամեն ինչով։
-Այսպիսով, ի՞նչ կասես խմբում մեր մրցակիցների մասին, ինչի՞ կարող ենք հասնել այդ խմբում։
-Դժվար աշխատանք է մեզ սպասվում։ Բոլորը տեսան, որ Խորվաթիան խաղում էր Ազգերի լիգայի եզրափակիչում, Թուրքիան լավ թիմ ունի։ Բայց մենք այստեղ ենք ամեն խաղում պայքարելու համար։ Մեր ուղուն հավատալու համար։ Մենք ոչ մեկից չենք վախենում։ Կխաղանք մեր խաղն ու միշտ կգնանք հաղթանակի հետևից։
Ստելլա Բաբլոյան