Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պատասխանեց լրագրողների հարցերին։
Հիշեցնենք, որ նախախաղային ասուլիսին մասնակցել է նաև հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։
Ուկրաինացի մասնագետին առաջին հարցն այն մասին էր, թե ինչպես են պատրաստվում վաղվա խաղին, և երբ կտեսնենք ժպիտ նրա դեմքին․
«Կժպտամ, երբ որ իմ երկրում ավարտվի պատերազմը։ Կարծում եմ, որ կարողացել եմ տրամադրել ֆուտբոլիստներին։ Ինձ շատ են ասել, որ Հայաստանի հավաքականն մեկ լավ խաղից հետո խնդիրներ է ունենում։ Բայց մենք ռոտացիայի հնարավորություն չունենք, բայց կարծում եմ, որ տղաները գիտեն, թե ինչ է պետք անել»,-ասաց Պետրակովը։
Խոսելով վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին, Պետրակովն ասաց․
«Կամո Հովհաննիսյանը վնասվածքի պատճառով հեռացեկ է հավաքականից, Չալըշրը մասնակցել է մարզմանը, Հարոյանը նույնպես։ Մարզումների ընթացքում կտեսնենք, թե որ ֆուտբոլիստները կարող են մասնակցել խաղին»։
Մարզչի կարծիքով Հայաստանի հավաքականի վաղվա մրցակիցը շատ ամուր թիմ է․
«Լատվիան շատ բալանսավորված ու հավասարակշռված թիմ է։ Վաղուց այդպիսի Լատվիայի հավաքական ես չեմ տեսել ու այստեղ մարզչի աշխատանքը նույնպես երևում է։ Իմ թիմին ասել եմ, որ շատ բարդ խաղ է սպասվում։ Թիմի վերաբերմունքն իմ աշխատանքին ինձ դուր է գալիս, քանի որ շատ ուշադիր են ու կենտրոնացած։ Անում են այն, ինչ ես ասում եմ, իսկ գնահատականը կտանք վաղվա խաղից հետո։ Չեմ կարծում, որ մենք ակնհայտ ֆավորիտ ենք վաղվա խաղում»,-ասաց Պետրակովը։
Մասնագետը համեմատեց նաև Ուելսի ու Լատվիայի թիմերին․
«Բավականին նմանություն կա Լատվիայի ու Ուելսի հավաքականներում, եթե խոսենք ֆուտբոլիստների մասին։ Երկու թիմերում էլ ֆիզիկապես ամուր տղաներ են, բայց Ուելսի հավաքականում ֆուտբոլիստների մեծ մասը խաղում են ԱՊԼ-ում կամ Չեմպիոնշիփում, այո, Լատվիան չունի այդ մակարդակի ֆուտբոլիստ, բայց շատ ամուր թիմ է»,-ասաց մարզիչը։
Անդրադառնալով Հայաստան-Լատվիա խաղի տոմսերի ամբողջ վաճառքին, Պետրակովն ասաց․
«Դրանից լավ բան չկա, որ մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու։ Կարծում եմ, որ վաղվա խաղում կզգանք մեծ աջակցություն, իսկ խաղի վերջում դուք ու երկրպագուները կասեք, կարողացա՞նք մենք արդադացնել սպասելիքները, թե՝ ոչ»,-նշեց ուկրաինացի մարզիչը։