Իտալիայի առաջնության եզրափակիչ՝ 38-րդ տուրի խաղում «Լացիոն» հաղթեց «Էմպոլիին» 2-0 հաշվով։ Գոլերի հեղինակ դարձան Լուիս Ալբերտոն և Ռոմանյոլին։
Հռոմեացիները 2022/23 մրցաշրջանում վաստակեցին 74 միավոր և զբաղեցրին երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում։ Մաուրիցիո Սարիի թիմը շրջանցեց «Ինտերին» (72), որն այսօր իր հերթին հաղթել էր «Տորինոյին»:
Այսպիսով, վերջնականապես ձևավորվեց Ա Սերիայի այս մրցաշրջանի լավագույն քառյակը։ «Նապոլին» առաջին տեղում է, «Լացիոն»՝ երկրորդ, «Ինտերը»՝ երրորդ, «Միլանը» եզրափակեց լավագույն քառյակն անկախ վերջին տուրի իր խաղի արդյունքից։
«Էմպոլին» 43 միավորով առաջնությունն ավարտեց 14-րդ տեղում: