Բոլիվիացի մարզիչ Ումբերտո Վիվիանին հեռացել է Չարենցավանի «Վանից»: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Հարգելի ֆուտբոլասերներ, հայտնում ենք ձեզ, որ երկկողմանի համաձայնությամբ ակումբը լքել է Ումբերտո Վիվիանին:
Թիմի գլխավոր մարզիչը շարունակում է մնալ Հայկ Հովհաննիսյանը, իսկ մարզումների վերահսկողությունը կկատարի մարզչական շտաբից Միխայիլ Գալայդիչը:
Շնորհակալություն ենք հայտնում Վիվիանիին կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցենք, որ ձմռանը չարենցավանյան թիմը հայտարարեց, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Ասոյանին փոխարինելու է Իսիդրո Բալտասարը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բալտասարի փոխարեն թիմը գլխավորելու է Վիվիանին: Սակայն, ինչպես պարզվեց ավելի ուշ, Վիվիանին արտոնագրի հետ կապված խնդիրներ ուներ, ուստի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Հայկ Հովհաննիսյանը: