«Սյունիքի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի նոր լոգոն։
«Հարգելի ֆուտբոլասերներ, Ձեր դատին ենք ներկայացնում Սյունիք ՖԱ նոր լոգոն, որի ներքո ակումբը հանդես կգա 2023/24 թթ․ մրցաշրջանից սկսած։ Լոգոյի վահանաձև կաղապարը պայքարից պատվով վերադառնալու խորհրդանիշն է։ Տարբերանշանի վերևից կենտրոնում գրված է Football Club, ստորին հատվածում՝ SYUNIK՝ լատինատառ նշելով ակումբի անվանումը՝ Սյունիք ֆուտբոլային ակումբ։
Լոգոյի կենտրոնում Սյունիքի լեռներում հաճախ հանդիպող և մարզի խորհրդանիշը համարվող գորշ արջն է։ Այն խորհրդանշում է ակումբի ուժը և քաջությունը։
Նրա ձախ և աջ կողմերում պատկերված են խաչեր՝ խորհրդանշելով Քրիստոնեությունը։
Արջից ստորև Խուստուփ լեռն է։ 3201մ բարձրությամբ Խուստուփ լեռան վրա է հանգչում հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհը։ Լեռն առանձնանում է վեհությամբ և գեղեցկությամբ։
Լոգոյի ներքևի հատվածում պատկերված գնդակը խորհրդանշում է ֆուտբոլ մարզաձևը։
Կենտրոնում գրված ARMENIA-ն ընգծում է, որ ակումբը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։
Լոգոն ստեղծված է ակումբի երկու հիմնական գույներով՝ մուգ կապույտ և սպիտակ»։