Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հայտնել է՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ փորձելու է բարդացնել ցատկը.
«Պատրաստվել էի, որ ոսկե մեդալ կնվաճեմ: Փառք Աստծո՝ ստացվեց: Դա միայն իմ աշխատանքը չէր: Մեր մարզիչների ու ֆեդերացիայի աշխատանքը շատ է նպաստում մեր արդյունքներին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ: Կարևորը վնասվածք չունենամ: Կարծում եմ՝ Օլիմպիական խաղերին մեկ ցատկս կբարդացնեմ: Պետք է շատ անթերի ցատկ կատարեմ, մրցակցությունը բարձր է լինելու: Սպորտ է, կարող ես մի փոքր քայլ անել, ինչն առաջին տեղից քեզ իջեցնի 4-րդ տեղ: Կաշխատենք, ամեն ինչ կանենք: Ամենակարևորն այն է, որ վնասվածք չունենամ»,- ընդգծել է Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք՝ աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը Թուրքիայում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է հենացատկի վարժությունում: Եզրափակչում Դավթյանը երկու հիանալի ցատկից հետո հավաքել է 15.033 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Դավթյանը նաև բրոնզե մեդալ է նվաճել նժույգթափեր վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,266 միավոր: Արթուր Դավթյանը հանդես է եկել նաև բազմամարտի մրցումներում և 82.665 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։