«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է Անտոնիո Կասանոյի` իր հասցեին հնչեցրած քննադատությանը։
Ավելի վաղ «Ռոմայի» նախկին հարձակվողը բազմիցս բացասական է գնահատել պորտուգալացի մարզչի աշխատանքը հռոմեական ակումբում, այդ թվում՝ թիմն անվանելով իտալական ֆուտբոլի «խայտառակություն»։
«Յուրաքանչյուր մարդ ազատ է քննադատության հարցում, յուրաքանչյուրն ունի իր նախասիրությունները։ Բայց երբ խոսքը վերաբերում է Անտոնիոյի նման մարդկանց, իրավիճակն այլ է։ Նա պարզապես զվարճանում է, իսկ մնացածները լրջորեն աշխատում են։ Երբ նա քննադատում է «Ռոմային» կամ Մոուրինյուին, դա նշանակություն չունի, քանի որ նա պարզապես զվարճանում է:
Կասանոն խաղացել է «Ռոմայում», «Ինտերում» և «Ռեալում»: Մադրիդի «Ռեալում» նրան հիշում են միայն իր բաճկոնով, «Ռոմայի» կազմում նա առանց հանդիպմանը մասնակցելու նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը, իսկ «Ինտերում» չկարողացավ նվաճել անգամ Լոմբարդիայի գավաթը։
Ես գիտեմ, թե ինչի եմ հասել «Ինտերում», «Ռեալում» և «Ռոմայում»: Կասանոն կարող է խնդիրներ ունենալ ինձ հետ, իսկ ես նրա հետ՝ ոչ: Ես կարող եմ նրան միայն մի բան ասել՝ զգույշ եղիր, Անտոնիո՜, դու 40 տարեկան ես, իսկ ես՝ 60: Երբեմն կյանքում հայտնվում է Մարկո Լիվայա, իսկ հետո ամեն ինչ դժվարանում է»,- մեջբերում է Մոուրինյուին Voce Giallo Rossa-ն։
Խոսելով Լիվայայի մասին՝ մարզիչը հավանաբար նկատի ուներ 2012/13 մրցաշրջանում Կասանոյի և խորվաթ հարձակվողի կոնֆլիկտը, որում, ենթադրվում է, որ Անտոնիոն «զիջել էր» մրցակցին: