Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները լի են ինտրիգներով․ կկարողանա՞ առաջին խաղում հաղթած թիմը պահել հաղթական հաշիվը, թե՞ հակառակորդը քամբեք կգրանցի, կամ գուցե լրացուցիչ ժամանակ լինի։
Մարտի 7-ին և 8-ին կկայանան Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներից 4-ը։ Armsport-ը ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է ստեղծվել առաջին խաղերից հետո և ի՞նչ կարելի է սպասել առաջիկա հանդիպումներում։
Խաղացանկը
«Բենֆիկա» – «Բրյուգե», մարտի 7, սկիզբը՝ 23։55 (առաջին խաղը՝ 2։0)։
«Չելսի» – «Բորուսիա Դ․», մարտի 7, սկիզբը՝ 23։55 (առաջին խաղը՝ 0։1)։
«Բավարիա» – ՊՍԺ, մարտի 8, սկիզբը՝ 23։55 (առաջին խաղը՝ 1։0)։
«Տոտենհեմ» – «Միլան», մարտի 8, սկիզբը՝ 23։55 (առաջին խաղը՝ 0։1)։
Մյուս 4 զույգերն իրենց հանդիպումները կանցկացնեն հաջորդ շաբաթ։
Ինչպես տեսնում եք, 4-ից 3 խաղերում քամբեքի իրական հնարավորություն կա։ Առանձնանում է միայն «Բենֆիկա» – «Բրյուգե» հանդիպումը, որտեղ ֆավորիտը հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթանակ է տարել և պատասխան հանդիպումն անցկացնելու է տանը։ Անակնկալներ միշտ կարելի է սպասել, բայց, կարծում եմ, որ սա այդ դեպքը չէ։ Այդ պատճառով էլ, այս հանդիպման վերաբերյալ մտքերը շատ չեն լինի։
«Բենֆիկան» վերոնշյալ խաղից հետո Պորտուգալիայի առաջնությունում 3 հանդիպում է անցկացրել, 3 հաղթանակ տարել, յուրաքանչյուր խաղում խփել նվազագույնը 2 գոլ։
«Բրյուգեն» նույնպես 3 հանդիպում է անցկացրել՝ 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 1 պարտություն։ Այդ պարտությունը եղել է Բելգիայի առաջնության մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում գտնվող «Օստենդեից»՝ 0։3 հաշվով։
Կարծում եմ՝ այս դիմակայությունում ամեն ինչ պարզ է։ «Բենֆիկան» բացահայտ ֆավորիտ է և պետք է անցնի հաջորդ փուլ։ Եթե «Բրյուգեն» հրաշք գործի, ապա, միևնույնն է, դա ֆուտբոլային տեսանկյունից բացատրելն անհնար կլինի։ «Բենֆիկան» կարգով ավելի ուժեղ է, ավելի լավ մարզավիճակում է և ունի 2 գոլի առավելություն։
Իսկ հիմա անդրադառնանք մնացած հանդիպումներին ավելի մանրամասն։
«Չելսի» – «Բորուսիա Դ․», մարտի 7, սկիզբը՝ 23։55 (առաջին խաղը՝ 0։1)։
Դա վերջապես տեղի ունեցավ․ «Չելսին» 6 անընդմեջ անհաջող խաղերից հետո կարողացավ հաղթել։ ԱՊԼ-ի նախորդ տուրում թիմը 1։0 հաշվով հաղթեց «Լիդսին»։ Դրանից առաջ լոնդոնյան ակումբը 3 անընդմեջ ոչ-ոքի էր խաղացել և 3 անընդմեջ պարտություն կրել։
Ակումբի ղեկավարությունն անդրդվելի էր այդ ընթացքում և աջակցում էր թիմի գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերին։ Դժվար է ասել, թե ինչպես կդասավորվի Փոթերի ապագան այս մրցաշրջանի մնացած հատվածում, գուցե առաջիկա խաղն էլ վճռորոշ լինի, բայց, անգլիացի մասնագետի թիմն այնքան էլ անհույս չէ, որքան թվում է։
Արդարության համար պետք է նշել, որ անհաջող արդյունք ունեցած գրեթե բոլոր խաղերում «Չելսին» անօգնական տեսք չի ունեցել։ Այո, այդպես պատահում է, երբ թիմը նոր մարզչով ու մի շարք նորեկներով սկզբնական շրջանում չի կարողանում արդյունք ապահովել։ Եթե նայենք վերոնշյալ 6 անհաջող խաղերի վիճակագրությանը, ապա գրեթե բոլոր խաղերում «Չելսիի» xG-ն մոտ է եղել 1-ին, երբեմն նույնիսկ 2-ին, սակայն թիմն այդպես էլ գոլ չի խփել։ Դա նշանակում է, որ թիմն անհույս չէ։ «Չելսին» մեծ խնդիրներ ունի գոլային պահեր իրացնելու հետ կապված, սակայն բախտն էլ կարծես երես թեքած լինի թիմից։
«Չելսիում» երիտասարդ կոլեկտիվ է հավաքվել։ Անկասկած թե՛ ֆուտբոլիստներին, թե՛ մարզչին ժամանակ է հարկավոր։
Դորտմունդի «Բորուսիան» պարզապես ճախրում է ընթացիկ մրցաշրջանում և այս խաղին մոտենում է Բունդեսլիգայի, կարելի է ասել, առաջատարի կարգավիճակով։ Թիմը «Բավարիայի» հետ նույնքան միավոր է հավաքել, սակայն մյունխենյան ակումբը խփած և բաց թողած գոլերի ավելի լավ տարբերություն ունենալու պատճառով առաջին տեղում է։
Թիմի գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը շատ լավ աշխատանք է կատարում։ Դորտմունդյան ակումբը հաղթել է 2023 թվականին անցկացրած բոլոր խաղերում։ Դա ֆանտաստիկ արդյունք է, բայց հիմա գերմանական թիմը կադրային որոշակի խնդիրներ ունի։ Այս խաղը բաց կթողնեն Յուսուֆա Մուկոկոն, Կարիմ Ադեյեմին և Ջուլիան Ռայերսոն։ Մյուս կողմից, լավ մարզավիճակում են Մարկո Ռոյսը, Ջովանի Ռեյնան և Յուլիան Բրանդը։ Շարք է վերադարձել նաև Սեբաստիան Ալերը։
Քամբեքի հավանականություն, իհարկե, կա, սակայն գրեթե բոլոր առումներով առավելություն ունեն հյուրերը։ «Չելսիի» համար դժվար կլինի հավասարաչափ կենտրոնացած գործել պաշտպանությունում և հարձակման գծում։ Չեմ բացառում, որ այս խաղում կտեսնենք լրացուցիչ ժամանակ, գուցե նույնիսկ 11 մետրանոցներ։
«Բավարիա» – ՊՍԺ, մարտի 8, սկիզբը՝ 23։55 (առաջին խաղը՝ 1։0)։
«Բավարիան» առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթել էր 1։0 հաշվով։ Մյունխենյան ակումբը հակասական մրցաշրջան է անցկացնում։ Նախ՝ թիմը երկար ժամանակ չէր կարողանում բարձրանալ Բունդեսլիգայի առաջին տեղ։ Հետո հավաքվեց և աշնանային հատվածն ավարտեց առաջին տեղում, բայց հիմա «Բավարիան» Դորտմունդի «Բորուսիայի» հետ հավաքել է 49 միավոր և կիսում է առաջին տեղը։
Նմանատիպ իրավիճակ էր նաև ՊՍԺ-ի մոտ։ Ֆրանսիական թիմը մեծ առավելությամբ առաջատար էր, սակայն աստիճանաբար սկսեց միավորներ կորցնել։ Բայց, ՊՍԺ-ն կարողացավ հավաքվել, հաղթել անմիջական մրցակիցներին և հիմա 8 միավորի առավելությամբ գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
Ի՞նչ կարելի է սպասել այս խաղից։ Չնայած առավելությանը, մեծ ճնշման տակ է լինելու հենց «Բավարիան»։ ՊՍԺ-ի նման թիմի հետ խաղում շատ ռիսկային կլինի, եթե «Բավարիան» փորձի պահել հաշիվը։ ՊՍԺ-ն էլ Մեսսիի և Մբապպեի՝ հարձակման գծում փայլուն խաղի շնորհիվ կարող է նույնիսկ հանդիպման վերջնամասում խփած գոլով փոխել իրավիճակը։
Անկասկած, մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հասկանում է այս ամենը, բայց երիտասարդ մասնագետը գուցե չկարողանա ճիշտ արձագանքել ստեղծված իրավիճակին։ Այդպիսի հետևություն կարելի է անել, քանի որ, Բունդեսլիգայում թիմը չունի այն առավելությունը, որը սովոր ենք տեսնել վերջին տարիներին։ «Բավարիայի» խաղն ավելի պրագմատիկ է դարձել։ Ռոբերտ Լևանդովսկու հեռանալուց հետո ինչ-որ բան փոխվել է, ինչ-որ բան՝ քանդվել։ Իրավիճակը կարող է փրկել միայն տիտղոսը, բայց, կարծում եմ` միայն Գերմանիայի չեմպիոն դառնալով դժվար թե Նագելսմանը կարողանա պահպանել իր աշխատանքը։
Վերջապես շարք է վերադարձել Սադիո Մանեն։ «Բավարիայից» այս խաղը բաց կթողնեն Մանուել Նոյերը, Լյուկա Էռնանդեսն ու Բենժամեն Պավարը։ ՊՍԺ-ի կազմում հանդիպմանը չեն մասնակցի Նեյմարը և Պրեսնել Կիմպեմբեն։
«Տոտենհեմ» – «Միլան», մարտի 8, սկիզբը՝ 23։55 (առաջին խաղը՝ 0։1)։
2 թիմերի համար էլ մեծ հաջողություն կլինի քառորդ եզրափակիչ դուրս գալը, քանի որ ընթացիկ մրցաշրջանում գործերն այնքան էլ լավ չեն ընթանում։ Մրցաշրջանի առաջին հատվածում թիմերն իրենց առաջնություններում կարողանում էին մնալ լավագույն քառյակում, բայց հիմա թե՛ «Տոտենհեմը», թե՛ «Միլանը» կարող են զրկվել հաջորդ մրցաշրջանում ՉԼ-ում խաղալու հնարավորությունից։
Առաջին խաղում «Միլանը» հաղթել էր 1։0 հաշվով։ Դժվար է այս իրավիճակում գնահատել, թե կողմերից որ թիմն է ավելի ուժեղ կամ ավելի արժանի դուրս գալ հաջորդ փուլ։ Նախօրեին՝ «Տոտենհեմն» Անգլիայի գավաթի խաղարկությունից դուրս էր մնացել՝ պարտվելով «Շեֆիլդին», իսկ ԱՊԼ-ում հյուրընկալվելիս զիջել էր «Վուլվերհեմփթոնին»։
«Միլանը» անհաջող խաղերից հետո 4 անընդմեջ հաղթանակ էր տարել և թվում էր, թե շտկել է իրավիճակը, բայց նախորդ տուրում անսպասելի և անտրամաբանական պարտություն կրեց «Ֆիորենտինայից»։ Դրա պատճառով թիմը 25-րդ տուրից հետո դուրս մնաց լավագույն քառյակից։
«Միլանը» լավ շանսեր ունի հաջորդ փուլ դուրս գալու համար։ Ամենայն հավանականությամբ, թիմը կփակվի հենց առաջին րոպեներից և շեշտը կդնի հակագրոհների վրա, եթե լոնդոնցիները չկարողանան արագ գոլ խփել, ապա ճնշումը կմեծանա տանտերերի վրա։
«Միլանի» կազմում շարք են վերադարձել դարպասապահ Մայք Մենյանն ու հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Վերջինս, դուրս է մնացել միլանյան ակումբի՝ Չեմպիոնների լիգայի հայտացուցակից, բայց նրա ներկայությունը թիմում շատ կօգնի ֆուտբոլիստներին։ Հարցականի տակ է Բրահիմ Դիասի և Օլիվյե Ժիրուի մասնակցությունը։
«Տոտենհեմը» նույնպես կորուստներ ունի։ Խաղը բաց կթողնեն Ուգո Լյորիսը, Ռայան Սեսենյոնը, Էրիկ Դայերը, Ռոդրիգո Բենտանկուրն ու Իվ Բիսուման։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի մյուս 4 հանդիպումները կկայանան մարտի 14-ին և 15-ին։