Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը 2022 թվականի այս օրը՝ մարտի 3-ին, հայտարարեց ազգային ընտրանու կազմում իր մրցելույթներն ավարտելու մասին:
«Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում և երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին։
Վերջին 15 տարիների ընթացքում մեծագույն պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել նրա ավագի թևկապը:
95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս»,- գրել էր Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ և վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայացմանը։ Հաջողություններ իմ ազգային հավաքականին»,- շարունակել էր 34-ամյա խաղացողը։
Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին Պանամայի դեմ ընկերական խաղում՝ իր 18-ամյակից մեկ շաբաթ առաջ։ Հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 95 հանդիպում, որոնցում 32 գոլ է հեղինակել և համարվում է հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ Հայաստանի հավաքականում անցկացրած խաղերի քանակով երկրորդն է, զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (134):