Մի քանի օր առաջ «Յուվենտուսից» Ա Սերիայում 15 միավոր է հանվել ֆինանսական խախտումների պատճառով:
Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ ՈւԵՖԱ-ն կարող է «Յուվենտուսին» հեռացնել եվրոպական մրցաշարերից «ոչ սպորտային պահվածքի» համար՝ կապված ակումբի ֆինանսական խախտումների հետ: Եթե նման խախտումների փաստն ապացուցվի, ՈւԵՖԱ-ն կուսումնասիրի իրավիճակը՝ հաշվի առնելով ակումբի ֆինանսական նոր ցուցանիշները։
2021 թվականին «Յուվենտուսը» տուգանվեց 3,5 միլիոն եվրոյով՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չկատարելու համար։ Տուգանքի չափը կավելանա մինչև 23 միլիոն եվրո, եթե առաջիկա երեք տարում ապացուցվի, որ «Յուվենտուսը» թույլ է տվել ֆինանսական այլ խախտումներ։ Կախված խախտումների չափից՝ «Յուվենտուսին» կարող են պատժել նաև մեկ մրցաշրջանով որակազրկմամբ եվրոպական մրցաշարերից։
Հնարավոր արգելքը կկիրառվի միայն այն դեպքում, եթե «Յուվենտուսը» որակավորվի եվրոպական մրցաշարերում: Եթե այս մրցաշրջանը ակումբը տեղ չզբաղեցնի Ա Սերիայի լավագույն յոթնյակում, ապա տուգանքը ուժի մեջ կմտնի միայն այն ժամանակ, երբ «Յուվենտուսը» վերադառնա եվրագավաթներ։
Հիշեցնենք, որ 15 միավոր հանելուց հետո «Յուվենտուսը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում նահանջեց 10-րդ հորիզոնական: