Սպորտի սիրահարները 2022 թվականին էմոցիոնալ առումով լեցուն տարի ունեցան շնորհիվ մի շարք մարզական իրադարձությունների։ Այսպիսով, առաջարկում ենք վերհիշել՝ ինչով առանձնացավ անցնող տարին։
🥊Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ընդունեց բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, իսկ այն լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան խորհրդանշական նվերներ հանձնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի տղաների համար ևս սա կարևոր ու աննախադեպ իրադարձություն էր: 7 օր մարզահամերգային համալիրը ֆանտաստիկ աջակցություն էր ցուցաբերում հայ բռնցքամարտիկներին՝ նրանց մղելով ավելի մեծ հաջողությունների:
⚽Պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը․ «Ռոման», որտեղ այն ժամանակ հանդես էր գալիս Հենրիխ Մխիթարյանը, նվազագույն հաշվով հաղթեց «Ֆեյենորդին»՝ դառնալով մրցաշարի առաջին չեմպիոնը։
Հայ ֆուտբոլիստը, որը խաղի ընթացքում վնասվածք էր ստացել ու փոխարինվել, հաղթանակից հետո եռագույնով տոնեց այն։
🏆Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի ունեցավ ձմռանը․ այն անցկացվեց Կատարում, ինչը շատերի դժգոհությունն էր հարուցել, մրցաշարին այս անգամ նույնիսկ «Արյունոտ մունդիալ» անունն էին տվել՝ պնդելով, որ նախապատրաստական աշխատանքների ժամանակ ոտնահարվել են աշխատողների իրավունքները, նրանց ամենադաժան ձևերով են վերաբերվել, իսկ աշխատանքների ընթացքում մահացել է շինարարության վրա աշխատող ավելի քան 6500 մարդ։
Այնուամենայնիվ, ԱԱ-2022-ն այնքան էմոցիոնալ ստացվեց, որ խաղերի սկսվելուն պես բոլոր խոսակցությունները հետին պլան մղվեցին, իսկ մրցաշարի եզրափակիչն ուղղակի ֆանտաստիկ զգացողություններ պարգևեց ֆուտբոլի սիրահարներին և ոչ միայն նրանց։
Եզրափակիչը, որտեղ հետխաղյա 11-մետրանոցներով Արգենտինան հաղթեց Ֆրանսիային՝ վերջապես Լեո Մեսսիին պարգևելով այդ բաղձալի գավաթը, կարող եք վերհիշել այստեղ։
🏙Ձմեռային Օլիմպիական խաղերն առաջին անգամ անցկացվեց մի քաղաքում, որտեղ նախկինում անցկացվել է նաև ամառային Օլիմպիական խաղեր՝ Պեկինում։ Այս խաղերի ընթացքում սահմանվել է օլիմպիական խաղերի 17 և համաշխարհային 2 ռեկորդ:
Պեկին-2022-ում Հայաստանի ներկայացուցիչները գրանցեցին հետևյալ արդյունքները․
Գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը պարային զույգերի պայքարում զբաղեցրին 18-րդ տեղը:
Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ դասական ձևում 34:37.5 արդյունքով 74-րդ տեղն էր զբաղեցրել, իսկ Անգելինա Մուրադյանը՝ 93-րդ (39:43.4): Կատյա Գալստյանը հանդես էր եկել նաև կանանց արագավազքում, սակայն գրանցելով 4:00:48 արդյունք՝ չէր հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տղամարդկանց 15 կմ դասական ձևում 61-րդ տեղն էր զբաղեցրել 99 մարզիկների պայքարում, իսկ սքիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում հայ դահուկորդը զբաղեցրել էր 47-րդ հորիզոնականը:
🎾«Մեծ սաղավարտի» մրցումների 20-ակի հաղթող թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, մոտ քառորդ դար տևած կարիերայից հետո, հայտարարեց այն ավարտելու մասին։
Մինչ Ռոջեր Ֆեդերերը 2003 թվականին կսկսեր հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, տղամարդկանց ռեկորդը պատկանում էր Փիթ Սամպրասին՝ 14 հաղթանակով։ Ֆեդերերը հատեց այդ նշաձողը` սահմանելով նոր նշաձող: Բացի «Մեծ սաղավարտի» 20 տիտղոսներից, հզոր հարվածներից և կորտում հարվածելու տեխնիկայից, երկրպագուները կհիշեն նրա անհատականությունն ու էլեգանտ խաղաոճը:
⛸Ճապոնացի գեղասահորդ Յուձուրու Հանյուն հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
Հանյուն տղամարդկանց մենասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն է, նա հաղթել է Սոչի-2014-ում և Փհենչհան-2018-ում, 4-րդ տեղն է զբաղեցրել Պեկինի խաղերում։
Ճապոնացին երկու անգամ հաղթել է Աշխարհի առաջնությունում, ընդհանուր առմամբ նա ունի 7 աշխարհի գավաթի մեդալ (2-3-2)։ Նա 2020 թվականի չորս մայրցամաքների և 2017 թվականի Աշխարհի թիմային առաջնության չեմպիոն է, չորս անգամ հաղթել է Գրան Պրիի եզրափակիչում և վեց անգամ դարձել Ճապոնիայի չեմպիոն։
Իր կարիերայի ընթացքում տղամարդկանց գեղասահքում Հանյուն ամենաշատ համաշխարհային ռեկորդներն է սահմանել (19)։
🚘«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը դարձավ Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն։ Նիդերլանդցի ավտոարշավորդը հաղթեց Ճապոնիայի Գրան-Պրիում՝ կարիերայում երկրորդ անգամ նվաճելով չեմպիոնական տիտղոսը, ընդ որում՝ անընդմեջ։
Մրցապայքարի հենց սկզբից այն դադարեցվել էր «Ֆեռարիի» ավտոարշավորդ Կառլոս Սայնսի ավտովթարի պատճառով։ Երկու ժամ անց այն վերսկսվել էր։ Նախատեսված 53 շրջաններից ավտոարշավորդները հաղթահարել են միայն 28-ը։ F1-ի կանոնակարգում կա կետ այն մասին, որ եթե մրցապայքարը ավարտվել է մարտական ռեժիմում, ապա ոչ լիարժեք հեռավորության վերաբերյալ կետերն ուժի մեջ են։ Այդ իսկ պատճառով, թեև ոչ լիարժեք մրցատարածությանը, ավտոարշավորդները ամբողջական միավորներ են ստացել, ինչի արդյունքում Ֆերստապենն ապահովել էր չեմպիոնական տիտղոսը։
🇷🇺🚫 Ի դեպ, հարկ է նշել, որ 2022-ի գարնանը ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ռուսական ակումբներին և հավաքականներին արգելեցին մասնակցել իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։ Ավելի ուշ դա արգելվեց նաև Բելառուսին։ Որոշ ժամանակ անց ռուս և բելառուս մարզիկները հեռացվեցին համաշխարհային սպորտի բոլոր մրցաշարերից։
Այսպիսին էր սպորտային 2022-ը մեր աչքերով, իսկ ի՞նչ եք մտապահել դուք։