Ապարանի Եղիպատրուշ համայնքում կառուցվում է լեռնադահուկային մարզահամալիր, որը հավակնում է դառնալ առաջատարը տարածաշրջանում և կծառայի ինչպես մարզիկների, այնպես էլ դահուկասպորտի սիրահարների, ձմեռային ակտիվ հանգիստ նախընտրողների համար: Այս մասին տեղեկանում ենք construction.am կայքից:
Զբոսաշրջության ու սպորտի զարգացման ի՞նչ հեռանկարներ է ստեղծում այս նոր համալիրը. ներկայացնում է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանը:
«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» անվանումը կրող նախագծի իրականացման համար ընտրվեց Եղիպատրուշը, որն իր աշխարհագրական դիրքով ու բնակլիմայական պայմաններով իդեալական վայր է նման նախագծի իրականացման համար: Համալիրի համար նախատեսված է ավելի քան 600 հեկտար մակերես տարածք։ Լեռնադահուկային համալիրը հագեցած է լինելու ոլորտի լավագույն ենթակառուցվածքներով ու համակարգերով. «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագիծն իրականացվում է լեռնային հանգստի գոտիների նախագծման շուրջ 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող կանադական հեղինակավոր «Էկոսայն» ընկերության հետ։ Ճոպանուղին՝ թե՛ նստատեղային, թե՛ գոնդոլային տեսակներով, նախագծելու և կառուցելու է ավստրիական Doppelmayr ընկերությունը։ Ընկերությունների ներկայացուցիչները եղել են Եղիպատրուշում, տեղում ուսումնասիրել են աշխարհագրական դիրքը, քննարկել նախագծի մանրամասները:
«Մայլեռը» դառնալու է լեռնադահուկային սպորտի զարգացման կենտրոն, այստեղ հիմնվելու է դահուկային մարզադպրոց: Արդեն կնքվել է հուշագիր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ու «Մայլեռ Մաունթայն Ռեզորթի» միջև. այստեղ կմարզվեն պրոֆեսիոնալ լեռնադահուկորդներ: Համալիրում կգործի 17 ճոպանուղի: Առաջին փուլի ավարտին՝ 2023թ-ի ձմռանը, այստեղ արդեն կլինի 30 կմ սահուղի, իսկ ծրագրի ավարտին՝ մոտ 100կմ երկարությամբ սահուղիներ: Սահուղիները ունենալու են գիշերային լուսավորություն: Գործելու է արհեստական ձնագոյացման համակարգ, ինչը հնարավորություն է տալու, անկախ ձյան առկայությունից, ապահովել որակյալ սահուղիներ։ Համալիրը կունենա մեկ այլ առավելություն ևս. սկսնակ դահուկորդների համար նախատեսվում են փոքր «կոնվեյերային» գոտիներ՝ կախարդական կարպետներ (magic carpet):
Լեռնադահուկային համալիրի գործունեությունը սահմանափակված չի լինելու միայն ձմռան ամիսներով: Նախատեսվում է այն դարձնել նաև ամառային հանգստի համար գրավիչ ուղղություն՝ առաջարկելով այցելուներին քայլարշավներ (հայքինգ), լեռնային հեծանվարշավներ (բայքինգ), լեռնային քոսթեր, զիփ-լայն, Alpine և այլ ժամանցային հնարավորություններ։ «Մայլեռ»-ը մեծ լեռնադահուկային քաղաք-ավան է լինելու՝ տարբեր թաղամասերով, հանգստի ու ժամանցի գոտիներով, հյուրանոցներով, քոթեջներով, ռեստորանային հատվածով և այլ ենթակառուցվածքներով։
Construction.am-ի հետ զրույցում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանը խոսել է ծրագրի մասին: Ըստ հիմնադրի՝ նախագծի առաջին փուլը, որի ներդրումների ծավալն ավելի քան 60 մլն եվրո է, կավարտվի 2023թ-ի ձմռանը, իսկ ընդհանուր նախագիծը նախատեսվում է ավարտել 2032-2035 թվականների ընթացքում:
«Ամբողջ տասնամյակի համար նախատեսվում է 250-300 մլն եվրոյի ներդրում։ «Մայլեռը» կլինի նաև պրոֆեսիոնալ մրցաշարերի անցկացման վայր, տարածաշրջանային սպորտ-բազա: «Ավարտական փուլում՝ 11-12 տարի հետո վստահ ենք, որ մենք մրցելու ենք Սոչիի հետ և կարողանալու ենք դահուկորդների շատ մեծ հոսք ներգրավել։ Այն, ինչ մենք նախատեսում ենք հիմա՝ նախագծի առաջին փուլով, բավարար է Հայաստանում ամենազարգացած ու հագեցած եզակի կենտրոն ունենալու և Հայաստանն այդ ուղղությամբ աշխարհին ճանաչելի դարձնելու համար։ Արդեն ավարտական փուլում «Մայլեռ» համալիրը հավակնում է դառնալ լավագույնը տարածաշրջանում։ Հիմա մեր տարածաշրջանային կենտրոնը Վրաստանն է՝ Գուդաուրին»,-ասել է Հարությունյանը: