ՈՒԵՖԱ-ն և ՌՖՄ-ն մի շարք ոչ պաշտոնական բանակցություններ են վարում ռուսական ֆուտբոլի ապագայի վերաբերյալ։ 2022 թվականի մարտից ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն ռուս ֆուտբոլիստներին զրկել են միջազգային մակարդակով խաղալու իրավունքից։
ՈւԵՖԱ-ն պատժամիջոցների սահմանումից հետո առաջին անգամ մրցաշար կանցկացնի Ռուսաստանում։ Այս մասին «РБК Спорт»-ին հայտնել են ՈՒԵՖԱ-ի զրուցակիցն ու Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) երկու տարբեր աղբյուրներ: Մրցաշարի մասին տեղեկությունը հաստատել են ՌՖՄ-ից։
«2023 թվականի մայիսին Վոլգոգրադում նախատեսվում է անցկացնել ՈւԵՖԱ-ի երիտասարդական հավաքականների զարգացման միջազգային մրցաշար։ Մրցաշարի անցկացման պայմանավորվածությունները ՈՒԵՖԱ-ի հետ ձեռք են բերվել մի քանի ամիս առաջ»,- հայտնել են ՌՖՄ հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՌՖՄ-ում «РБК Спорт»-ի աղբյուրները նշել են, որ մրցումները ներառված են մինչև 16 տարեկան տղաների և աղջիկների միջև ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարերի անցկացման ծրագրում։ Նրանց խոսքով՝ սահմանափակումների վերաբերյալ թուլացում է սպասվում միայն երիտասարդներին։ Հիմնական թիմի և ակումբների նկատմամբ պատժամիջոցներն առայժմ կմնան անփոփոխ։
ՈՒԵՖԱ-ում և ՌՖՄ-ում «РБК Спорт»-ի աղբյուրները հայտնել են, որ ռուսական ֆուտբոլը պատժամիջոցներից ազատելու քննարկման գործընթացը ոչ պաշտոնական է։ «Սակայն ՈՒԵՖԱ-ի մակարդակով մրցաշարի անցկացումը խոսում է դրական թափի մասին»,- ասել է ՈւԵՖԱ-ի զրուցակիցներից մեկը։ Ինչ վերաբերում է ՌՖՄ-ի՝ Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիային (ԱՖԿ) հնարավոր տեղափոխմանը, ապա ՌՖՄ-ի գործկոմի ներսում միասնություն չկա, հայտնել են «РБК Спорт»-ի զրուցակիցները միության գործկոմում։
«Նույնիսկ եթե ՌՖՄ-ն որոշի դա անել, անցումը կտևի մեկ ամսից ավելի, բայց նախ պետք է համաձայնության գալ ՌՖՄ-ի ներսում: Մինչ օրս նման համաձայնություն չկա»,- ասել է աղբյուրներից մեկը։
ՌՖՄ-ն, մեկնաբանելով ՈՒԵՖԱ-ի հետ իր հարաբերությունները, նշել է, որ «կազմակերպությունը եվրոպական ֆեդերացիայի հետ մշտական երկխոսության մեջ է հարցերի լայն շրջանակի շուրջ»։
«РБК Спорт»-ը մեկնաբանությունների համար դիմել է ՈւԵՖԱ-ին:
Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՌՖՄ-ի գործկոմի նիստ, օրակարգում է «այլ կազմակերպություններում ՌՖՄ-ի մասնակցության մասին» հարցը։ Նոյեմբերի վերջին ՌՖՄ նախագահ Ալեքսանդր Դյուկովը հայտարարել էր, որ գործկոմը կքննարկի ՈՒԵՖԱ-ից Ասիական Կոնֆեդերացիա տեղափոխվելու տարբերակը՝ նշելով, որ ռուսական ակումբների և թիմերի համար կարևոր է մասնակցել միջազգային մրցումներին. «Իհարկե, ավելի լավ է պաշտոնական հանդիպումներ անցկացնել, քան չխաղալ»։
Ռուսաստանի հավաքականի մասնակցությունը փետրվարից կասեցվել է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին, պատժամիջոցները երկարաձգվել են մայիսին՝ մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Ռուսական թիմերն ու ակումբները դուրս են մնացել բոլոր միջազգային մրցաշարերից՝ ինչպես ամենաբարձր մակարդակով, այնպես էլ երիտասարդական ու պատանեկան թիմերի մակարդակով: Զարգացման մրցաշարերում ռուսական թիմեր չկային, թեև մինչ հատուկ գործողության մեկնարկը նրանք մասնակցում էին դրանց՝ հավասար հիմունքներով եվրոպական այլ երկրների թիմերի հետ։
Ապրիլի վերջին «РБК Спорт»-ը հայտնել էր, որ ՌՖՄ-ն դիտարկում է ռուսական ֆուտբոլի զարգացման մի քանի սցենար, այդ թվում՝ ԱՖԿ-ին անցնելը։