Ողջ աշխարհում Adidas-ի խանութներում սպառվել է Մեսսիի անունով Արգենտինայի հավաքականի մարզաշապիկները։ Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը։
Նշվում է, որ վաճառքում անհնար է գտնել 10 համարի մարզաշապիկի որևէ չափս։ Այս դեֆիցիտի պատճառով առաջացել է կեղծ մարզաշապիկների արտադրություն և վաճառք։ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան, որը բողոքներ է ստացել դեֆիցիտի հետ կապված, մի քանի օր առաջ հայտարարել էր․
«Մենք սրա հետ ոչինչ չենք կարող անել՝ չնայած մեզ համար շահավետ է ավելի շատ վաճառելը։ Դա Adidas-ի գործն է, և երկրում խնդիրներ կան, որոնք նրանց հետ են պահում, օրինակ ներմուծման հետ կապված դժվարություններն ու աշխատուժի չբավականացնելը, ինչպես նաև հասարակության դժգոհության մեծ ալիքը»։
Adidas-ում բացատրել են, որ հնարավոր չէ մեկ գիշերվա ընթացքում ավելացնել արտադրությունը՝ համալրելու այն արտադրանքի պաշարը, որը նման մեծ պահանջարկ է ստեղծել։
«Գերմանական ապրանքանիշն առանց ձեռքերը ծալելու աշխատում է, որ այն դեպքում, եթե կիրակի օրը Արգենտինան հաղթի աշխարհի առաջնությունը, մարզաշապիկները հնարավորինս շուտ հասանելի լինեն աշխարհի տարբեր մասերում։ Բացի դրանից, պատրաստվում են մարզաշապիկներ հնարավոր հաղթանակը տոնելու և Մեսսիի հետ կապված ավելի անհատականացված ինչ-որ բանի համար»,-նշում է AS-ը։