16-ամյա հարձակվող Էնդրիկի տրանսֆերը Մադրիդի «Ռեալին» կարժենա 35+25 միլիոն եվրո։ Ինչպես հայտնում է As-ը՝ մադրիդյան ակումբը բրազիլացու համար կվճարի 35 մլն եվրո և ևս 25 մլն եվրո՝ տարբեր բոնուսների տեսքով։
Մասնավորապես, բոնուսներ են նախատեսված Golden Boy մրցանակում Էնդրիկի հաղթանակի, Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմում հանդիպումների քանակի, ինչպես նաև նվաճած գավաթների համար։
Հարձակվողը «Ռեալին» կմիանա 2024 թվականի հուլիսին։ Ակումբը նրա հետ պայմանագիր են կնքել 3 տարով։ ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ սա առավելագույն պայմանագրային ժամկետն է մինչև 18 տարեկան խաղացողի համար: Արդեն համաձայնեցված է պայմանագրի հետագա երկարաձգումը մինչև 2030 թվականը։
Մադրիդի «Ռեալում» Էնդրիկը տարեկան 2 միլիոն եվրո կստանա՝ առանց հարկերի։ Ժամանակի ընթացքում նրա աշխատավարձը աստիճանաբար կբարձրանա․ հարձակվողի պայմանագիրը նման է նրան, ինչ Վինիսիուսն ուներ Բրազիլիայից տեղափոխվելուց հետո։
Էնդրիկն ու «Ռեալը» պայմանավորվել են կիսել իմիջային իրավունքները հավասար բաժնեմասերով։ Այսպիսով, մադրիդյան ակումբը կստանա գովազդային պայմանագրերից ստացված եկամուտի կեսը, որոնք բրազիլացին կկնքի 2024 թվականի հուլիսից։
Մոտ օրերս Էնդրիկը մեկնելու է Մադրիդ և բուժզննում կանցնի։ Դրանից հետո տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի։