«Սևիլիայի» կիսապաշտպան Իսկոն ցանկանում է հեռանալ ակումբից՝ մարզական տնօրեն Մոնչիի հետ ունեցած կոնֆլիկտի, ինչպես նաև մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքի պատճառով։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, Իսկոն չի ցանկանում թիմի հետ պայքարել Լա Լիգայում տեղը պահպանելու համար։ Բացի այդ, ֆուտբոլիստը գոհ չէ գլխավոր մարզչի Խուլեն Լոպետեգիի պաշտոնանկությունից։ Իսկոն «Սևիլիայի» ֆուտբոլիստ է դարձել մեծամասամբ հենց այն պատճառով, որ թիմը գլխավորել է Լոպետեգին։
Ակումբի մարզական տնօրեն Մոնչին Իսկոյին մեղադրում է վատ խաղ ցուցադրելու համար։ Ֆուտբոլիստը գոհ չէ, որ իրեն ստիպում են խաղալ՝ չնայած իր ֆիզիկական վիճակին։
30-ամյա Իսկոն մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել ընթացիկ մրցաշրջանի 19 խաղում։ «Սևիլիան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղն է զբաղեցնում։