«Յուվենտուսը» կարող է հայտնվել Բ Սերիայում՝ հնարավոր ֆինանսական խարդախությունների պատճառով, հայտնում է Repubblica-ն՝ մեջբերելով փաստաբան Մատիա Գրասանիին:
Ըստ աղբյուրի՝ խոսքը ֆոնդային բորսայում սպորտի և կորպորատիվ կանոնների հետ կապված հավանական անօրինական գործարքների մասին է։
«Սպորտային արդարադատության օրենսգրքի համապատասխան պարբերությունները, որոնք վերաբերում են տնտեսական, ֆինանսական և կառավարչական հարցերում խախտումներին, ցույց են տալիս, որ փաստաթղթերի փոփոխությունները, ապօրինի մասնավոր պայմանագրերը և աշխատավարձի հետաձգումը կարող են հանգեցնել ավելի շատ հետևանքների, քան պարզապես տուգանքը: Դա կարող է հանգեցնել առաջնությունից հեռացմանը»,- ասել է Գրասանին:
Ավելի վաղ իտալական մամուլում հաղորդվում էր, որ թուրինյան ակումբը խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները։