«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին․
«Ես երբեք Ռոնալդուի երկրպագուն չեմ եղել։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ինձ համար հասկանալի չէ, երբ ֆուտբոլիստն այդքան եսասեր է լինում։ Նա երբեք իմ սիրելի խաղացողներից մեկը չի եղել, այդ իսկ պատճառով ես միշտ ընտրում եմ Մեսսիին։ Եթե մեկն այդպիսի հարցազրույց է տալիս, ինչո՞ւ եք կարծում, որ հունվարին ձեր թիմ տեղափոխվելուց հետո նույնը չի անի»,- լոնդոնցիների նախկին կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 37-ամյա Ռոնալդուն խզել է պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ։ Սա տեղի ունեցավ բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված սկանդալային հարցազրույցից հետո։ Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին 16 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։