Ավարտվեց ԱԱ-2022-ի խաղային 4-րդ օրվա առաջին՝ Մարոկկո-Խորվաթիա հանդիպումը։
Թիմերն ընդմիջման գնացին ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։ Հիշեցնենք, այս թիմերն ընդգրկված են F խմբում, որում հանդես են գալիս նաև Կանադան և Բելգիան։
Առաջին խաղակեսն անցավ ընդհանուր առմամբ բավականին դինամիկ պայքարում։ Մի փոքր ավելի սուր գրոհում էին աֆրիկացի ֆուտբոլիստները, սակայն այդ գրոհներն արդյունավետ ավարտին չկարողացան հասցնել։ Խորվաթները ևս լավ հնարավորություն ունեին հաշիվը բացելու խաղավերջում, բայց լուսատախտակին հաշիվը մնաց անփոփոխ։
Երկրորդ խաղակեսում խաղի պատկերն առանձնապես չփոխվեց․ թիմերը շարունակեցին ակտիվ խաղալ, բայց այդպես էլ չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին։ Արդյունքում՝ այս մրցաշարում գրանցվեց երրորդ գոլազուրկ ոչ-ոքին։
Ի դեպ, 37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը եվրոպական թիմի մեկնարկային կազմում է։ Ըստ Opta-ի՝ Մոդրիչը դարձել է առաջին խաղացողը, ով խաղացել է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում երեք տարբեր տասնամյակների ընթացքում (2000-ականներ, 2010-ականներ և 2020-ականներ):
Իսկ ահա «ՌԲ Լայպցիգի» 20-ամյա պաշտպան Յոշկո Գվարդիոլը խաղադաշտ դուրս եկավ եվրոպական հավաքականի մեկնարկային կազմում։ Նա խաղաց բոլոր 90 րոպեները և դարձավ 103 ճշգրիտ փոխանցման հեղինակ: 20 տարեկան 304 օրականում Գվարդիոլը դարձավ ամենաերիտասարդ խաղացողը 1966 թվականից ի վեր, ով կատարել է առնվազն 100 ճշգրիտ փոխանցում մեկ խաղում, հայտնում է Opta-ն: