ԱԱ-ի մասնակից հավաքականներից 9-ի գլխավոր մարզիչն արտասահմանցի է։ Ընդ որում՝ իսպանացի, արգենտինացի ու պորտուգալացի երկուական մարզիչ գլխավորում է այլ երկրի հավաքական։
1. Ռոբերտո Մարտինես (Իսպանիա) — Բելգիայի հավաքական
Մարտինեսը հավաքականը գլխավորում է 2016 թվականից։ 2018-ի ԱԱ-ում բելգիացիների հետ դարձել է բրոնզե մեդալակիր։
2․ Ֆելիքս Սանչես Բաս (Իսպանիա) — Կատարի հավաքական
Նա կարիերան սկսել է «Բարսելոնայի» համակարգում, հետո աշխատել է վերը նշված ակադեմիայում, եղել է Կատարի պատանեկան և երիտասարդական հավաքականների մարզիչը և 2017-ից արդեն գլխավորում է ազգային հավաքականը։ 2019-ին Կատարը նրա գլխավորությամբ դարձավ Ասիայի չեմպիոն։
3․ Ջոն Հերդման (Անգլիա) — Կանադայի հավաքական
Անգլիացի մասնագետը թիմը գլխավորում է արդեն 4-րդ տարին։ Մինչ այդ նա որպես մարզիչ աշխատել է կանանց ֆուտբոլում, ինպես նաև կարճ ժամանակով աշխատել է Կանադայի երիտասարդական հավաքականում
4․ Լուիս Սուարես (Կոլումբիա) — Կոստա Ռիկայի հավաքական
Կենտրոնական Ամերիկան ներկայացնող հավաքականը մարզում է կոլումբացի մասնագետ Լուիս Սուարեսը։ Հենց նա էր մարզում Էկվադորի հավաքականը 2006-ին, երբ հարավամերկացիները փայլուն հանդես եկան այդ ԱԱ-ում։
5․ Էրվե Ռենար (Ֆրանսիա) — Սաուդյան Արաբիայի հավաքական
Ասիական հավաքականը 2019 թվականից մարզում է ֆրանսիացի Էրվե Ռենարը, որն արդեն մեկ անգամ մասնակցել է ԱԱ-ին Կոտ դ’Իվուարի հավաքականի հետ, երկու անգամ հաղթել է Աֆրիկայի գավաթը` Զամբիայի ու Կոտ դ’Իվուարի հետ։ Մինչ Սաուդյան Արաբիայում աշխատելը նա Մարոկկոյի հավաքականի մարզիչն էր։
6․ Պաոլո Բենտո (Պորտուգալիա) — Հարավային Կորեայի հավաքական
Ժամանակին եղել է Պորտուգալիայի հավաքականի մարզիչը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է ակումբային մակարդակում, իսկ 2018-ից մարզում է ասիական հավաքականը։
7․ Կարլուշ Կեյրուշ (Պորտուգալիա) — Իրանի հավաքական
Ինչպես և Բենտուն, նա ևս ժամանակին մարզել է Պորտուգալիայի հավաքականը։ 2011-2019 թ․թ․ մարզել է Իրանի հավաքականը, որից հետո ստանձնել է Կոլումբիայի, հետո Եգիպտոսի հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս տարի նա կրկին վերադարձել է նախկին աշխատավայր՝ երկրորդ անգամ գլխավորելով Իրանի ընտրանին։
8․ Գերարդո Մարտինո (Արգենտինա) — Մեքսիկայի հավաքական
2019 թվականից Մեքսիկայի հավաքականը գլխավորում է արգենտինացի մասնագետ Գերարդո Մարտինոն։ Հատկանշական է, որ C խմբի 4 մասնակիցներից երկուսի մարզիչը արգենտինացի է (մյուսը Սկալոնին է՝ Արգենտինայի հավաքականի մարզիչը)։
9․ Գուստավո Ալֆարո (Արգենտինա) — Էկվադորի հավաքական
2020 թվականից հավաքականը մարզում է արգենտինացի մասնագետ Ալֆարո Գուստավոն, ով մինչ այդ մարզում էր «Բոկա Խունիորսը»։ Հենց նրա գլխավորությամբ Էկվադորը հարավամերիկյան ընտրական փուլում զբաղեցրեց 4-րդ տեղը՝ զիջելով միայն մայրցամաքային հեգեմոններին՝ Բրազիլիային, Արգենտինային և Ուրուգվային, բայց դա էլ բավական էր ԱԱ ուղեգիր ստանալու համար։
Մյուս բոլոր 23 հավաքականները մարզում են տվյալ երկիրը ներկայացնող մասնագետները։
🏆 ԱԱ-2022
A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարնջագույններն ու երիտասարդ էկվադորցիները
B խումբ, երբ խառնվում են ֆուտբոլն ու քաղաքականությունը
D խումբ․ ֆրանսիացիները՝ 60 տարվա ռեկորդի, Դանիան՝ սենսացիայի հետևից
E Խումբ․ «Թոշակառուներն» ու աշխարհի երկու չեմպիոնները, ո՞ւմ խաղաքարտերը կխառնեն սամուրայները
G խումբ․ Մրցաշարի «գլխավոր ֆավորիտ» Կամերունն ու «Հին ծանոթների ակումբը»
ԱԱ-2022․ Բոլոր հանդիպումների ժամանակացույցը
ԱԱ-2022․ Հայտնի են բոլոր հավաքականների հայտացուցակները