Սպորտային մարմնամարզության աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը, կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, հավաքականի մյուս անդամները՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, այս գիշեր ժամանել են հայրենիք:
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունից վերադարձող Հայաստանի պատվիրակությանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, ներկայացուցիչներ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, ինչպես նաև մարզիկների հարազատները, ընկերները և հայկական սպորտի երկրպագուներ:

Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ շատ ուրախ է, որ կարողացել է անկախ Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել մարմնամարզությունում. «Փառք Աստծո կարողացա սառույցը կոտրել և ոսկե մեդալ նվաճել: Աշխարհի առաջնությունից երկու մեդալ նվաճեցինք. նման բան երբեք չէր եղել»:
Դավթյանն ընդգծել է՝ իր հաջորդ նպատակն Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելն է. «2023-ը կարևոր տարի է. պետք է փորձենք օլիմպիական վարկանիշներ ձեռք բերել: Պետք է լավ պատրաստվենք, որ կարողանանք վարկանիշներ ձեռք բերել: Հաջորդը պետք է ձգտենք օլիմպիական ոսկին նվաճել»:

Հիշեցնենք՝ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: