Իսպանիայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների կիսաեզրափակչում 9-5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ։
Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանը կմրցի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ։
Ամոյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից , որտեղ հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1-1), 1/8 եզրափակիչում նա 3-0 հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել էր ղրղզ Ակիլբեկ Տալանտբեկովին:
Եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը։ Նա կիսաեզրափակիչ գոտեմարտում 6-4 հաշվով առավելության է հասել ղազախ Մակսատ Սաիլաուի նկատմամբ։ Ոսկե մեդալի համար Թադևոսյանը կգոտեմարտի Հունգարիայի ներկայացուցչի հետ։
Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր ղրղզ Ազատ Սալիդինովի նկատմամբ վստահ հաղթանակով՝ 9-0, իսկ քառորդ եզրափակիչում 4-0 հաշվով պարտության էր մատնել հոլանդացի Մարսել Ստերկենբուրգին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, սփոփիչ գոտեմարտ կանցկացնի իսրայելցի ըմբիշի հետ և հաղթանակի դեպքում՝ կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար։ Պողոսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 1-1 հաշվով հաղթել էր մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին։ Քառորդ եզրափակչում, սակայն, հայ ըմբիշը 1-3 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցչին։ Վերջինս հասել է եզրափակիչ, և Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել։