Հայ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը հոկտեմբերի 15-ին կանցկացնի իր 4-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում:
Նյու Յորքում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում TGB Promotion-ը ներկայացնող հայ բռնցքամարտիկը կմրցի ամերիկացի Մայքլ Քոֆիի հետ: Հաղթանակի դեպքում Գուրգեն Հովհաննիսյանն իր քաշային կարգի վարկանիշային աղյուսակում կբարելավի դիրքերն ու հնարավորություն կունենա առաջիկայում պայքարել տիտղոսի համար:
Այս մենամարտին ընդառաջ ArmSport-ը զրուցել է Գուրգեն Հովհաննիսյանի հետ:
-Ինչպե՞ս որոշում ընդունեցիր կարիերադ շարունակել պրոֆեսիոնալ բռնցքամարտում:
— Վաղուց նպատակ ունեի տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ: Ստացվեց այնպես, որ հնարավորություն ունեցա տեղափոխվել ԱՄՆ, որը բռնցքամարտի երկիր է, ու այստեղ, բնականաբար, ավելի հեշտ է բռնցքամարտի մեծ աշխարհ մտնելը:
-Արդեն տևական ժամանակ է ԱՄՆ-ում ես, ի՞նչ առանձնահատկություններ ունի բռնցքամարտն ԱՄՆ-ում:
-Արդեն նշեցի, որ ԱՄՆ-ն բռնցքամարտի երկիր է: Ես ապրում եմ Լոս Անջելեսում, որտեղ բռնցքամարտն ավելի մասսայական ու զարգացած է: Այստեղ տարբեր ազգությունների բռնցքամարտիկներ կան, իսկ մասնագետների մոտեցումները նույնպես տարբեր են: Կարող եմ ասել, որ ԱՄՆ-ում բռնցքամարտը ամբողջովին այլ է:
-Ի՞նչ կասես քո առաջիկա մրցակցի մասին:
-Ֆիզիկապես շատ պինդ ու հարվածող բռնցքամարտիկ է: Ինձ համար հեշտ չի լինելու, քանի որ երկուսս էլ նույն չափերն ունենք: Ամեն դեպքում, ես շատ լավ եմ պատրաստվել այս մենամարտին, ու սա լավ հնարավորություն է: Հաղթանակի դեպքում նոր դռներ կբացվեն:

-Ինչո՞վ է նա տարբերվում քո նախկին մրցակիցներից:
— Անհամեմատ ավելի ուժեղ է ու ֆիզիկական մեծ պատրաստվածություն ունի: Նա իր մենամարտերի մեծ մասը հաղթել է նոկաուտով: Աշխարհում 51-րդն է մեր քաշային կարգում, իսկ ես՝ 217-րդը:
-Ի՞նչ մենամարտեր են տեղի ունենալու այդ երեկոյի ընթացքում:
-Օրվա գլխավոր մենամարտում մրցելու են ծանր քաշային կարգում հավասարը չունեցող երկու անվանի բռնցքամարտիկներ՝ Դենոթի Ուայլդերն ու Ռոբերտ Հելենիուսը: Մենամարտերը ցուցադրվելու է Fox Sport հեռուստաընկերությամբ: Սպասվում է, որ մարտերին հետևելու է շուրջ 100 միլիոն հեռուստադիտող:
-Ինչքո՞վ այս հաղթանակը քեզ կմոտեցնի գոտու համար պայքարին:
-Դեռ շուտ է այդ մասին խոսել, բայց հաղթանակի դեպքում նոր ճանապարհներ կարող են բացվել:
-ԱՄՆ-ում բազմաթիվ հայեր են բնակվում: Ներկա լինո՞ւմ են նրանք քո մենամարտերին:
-Ոչ շատ, բայց կարծում եմ, որ այս մենամարտից հետո նրանց քանակը կավելանա, քանի որ այն ամենասպասվածներից է լինելու: Իմ մենամարտին ներկա է լինելու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ, մենեջեր Արթուր Գևորգյանն ու իմ մյուս մենեջեր Վարդան Թորոսյանը:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ