Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, սպորտի ոլորտի պատասխանատուները և մի խումբ մարզասերներ դիմավորել են բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, արցախցի պատանի մարզիկ Էրիկ Առստամյանին և նրա մարզիչ Նարեկ Աբրահամյանին: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը։
«Մասնակցում էին մարզիկներ Եվրոպայի 33 պետությունից: Էրիկ Առուստամյանը առաջնության ընթացքում, հաղթելով ընդհանուր առմամբ 4 մենամարտում, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակչում, 52 կգ քաշային կարգում հանդես եկող մեր 15-ամյա մարզիկը կարողացավ պարտության մատնել անգլիացի Լեյթոն Բիրչոլին»,-ասել է մարզիչը։
Պատանի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը Եվրոպայի առաջնությունում տարած իր հաղթանակի գրավականներից է համարում մեծ հավատն ու կամքը:
«Մինչև մենամարտելը ես հավատում էի, որ կհասնեմ եզրափակիչ: Իմ մեջ հաղթել էի իմ հույզերին ու վախերին: Երևի մասնակիցներից ամենաշատը ես էի ուզում հաղթել և դրա շնորհից էլ դարձա չեմպիոն: Հպարտ եմ, որ այս դժվար պահին կարողացա թեկուզ մի քիչ ուրախացնել մեր ժողովրդին»,- ասել է Առստամյանը:
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, արցախցի պատանի բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնությունը մեկնարկել էր թուրք բռնցքամարտիկին հաղթելով, ապա առավելության էր հասել Բուլղարիայի և Իռլանդիայի ներկայացուցիչների, իսկ եզրափակչում՝ անգլիացի մրցակցի նկատմամբ։