Արգենտինայի Պրիմերայի 23-րդ տուրի «Խիմնասիա և Էսգրիմա»-«Բոկա Խունիորս» հանդիպումը դադարեցվել է մարզադաշտից դուրս տեղի ունեցած լուրջ միջադեպերի պատճառով։
Հանդիպումն ընդհատվեց 9 րոպե հետո, երբ խաղացողները սկսեցին զգալ ոստիկանության արձակած արցունքաբեր գազի ազդեցությունը մարզադաշտի մոտ տեղի ունեցած բախումների պատճառով։
Միջադեպը սկսվել է մարզադաշտի մոտ, երբ ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել՝ ճնշելու երկրպագուների հոսքը, ովքեր պայքարում էին առանց այն էլ լեփ-լեցուն մարզադաշտ մտնելու համար։ Ժամանակի ընթացքում արցունքաբեր գազը զգացվել է նաև մարզադաշտում՝ ազդելով մի քանի խաղացողների, մարզչական շտաբի անդամների և հենց երկրպագուների վրա։
Սկզբում երկրպագուները, իսկ հետո ֆուտբոլիստները սկսեցին ծածկել իրենց դեմքերը, և այս ամենի պատճառով «Բոկայի» մարզիչ Ուգո Իբարան առաջինը խնդրեց մրցավարին դադարեցնել հանդիպումը։
Երկրպագուները սկսել են լքել տրիբունաները։ Քաոսային իրավիճակ է եղել թե’ մարզադաշտում, թե’ դրա մոտակայքում։ Վիրավորների թվում է TyC Sports-ի աշխատակիցը․ օպերատորին ոստիկանները կրակել են ռետինե երեք փամփուշտով։ TyC Sports-ը նաև հաստատել է մեկ մարդու մահ: Ըստ աղբյուրի, նա եղել է Սեզար Գուստավո Ռեգուեյրոն, ով նախկինում զբաղվել է սիրողական ֆուտբոլով: Նա մահացել է Սան Մարտինի հիվանդանոցի ճանապարհին՝ սրտանոթային անբավարարության պատճառով:
Սպասվում է, որ առաջիկա ժամերին կորոշվի, թե ինչ որոշում կկայացվի հանդիպման մնացած ժամանակահատվածի վերաբերյալ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ խաղը կարող է անցկացվել վաղը՝ փակ դռների հետևում և մեկ այլ մարզադաշտում։