«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Ատալանտայի» հետ խաղում (0:1) ստացած կարմիր քարտի մասին։
Խաղի մրցավար Դանիելե Չիֆին երկրորդ խաղակեսում հեռացրել էր հռոմեացիների գլխավոր մարզչին։
Պորտուգալացի մասնագետը դժգոհ է մնացել այն հանգամանքից, որ կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի և պաշտպան Մեմե Օկոլիի բախումից հետո մրցավարը 11 մետրանոց չի նշանակել հյուրերի դարպասին։
«Ամենամաքուր 11 մետրանոցն էր։ Ես մրցավարին հարցրեցի, թե ինչու չնշանակեց 11 մետրանոցը, նա ինձ պատասխանեց, որ Ձանիոլոն չի ընկել խոտածածկին։ Ուզում էի իմանալ՝ արգելվո՞ւմ է 11 մետրանոց նշանակել, եթե խաղացողը չի ընկել։
Եթե նա ասեր՝ այո, ես պետք է փոխեի իմ խաղացողների մոտեցումը և ասեի նրանց․ «Մի փորձեք գնդակին խաղալ, եղեք մյուսների նման ծաղրածու, ինչպես շատերն այս լիգայում»
Մրցավարն ինձ չպատասխանեց։ Ես օբյեկտիվ պատասխան էի ուզում։ Նա պարզապես քաղաքավարի կերպով ինձ ասաց, որ ամեն ինչ կախված է իրավիճակից։ Բայց սա լուծում չէ»,- ասել է «Ռոմայի» գլխավոր մարզիչը DAZN-ի հետ զրույցում։