Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի դուրս եկած մեր երկու ըմբիշները՝ 57 կգ Քաշային Մանվել Խնձրցյանն ու 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը դուրս են մնացել հետագա պայքարից:
74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 1/16 եզրափակչում մրցել է ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ և 7-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել, իսկ 1/8 եզրափակչում, սակայն, տուշեով պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն, Սերբիան ներկայացնող Հետիկ Ցաբոլովին:
Ցաբոլովը քառորդ եզրափակչում 3-6 հաշվով զիջել է Իտալիայի ներկայացուցչին և լքել է պայքարը, այդ իսկ պատճառով Ալիխանյանը զրկվլե է սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն էլ որակավորման փուլում 5-7 հաշվով զիջել է Եվրոպայի գործող չեմպիոն Վլադիմիր Եգորովին: Վերջինս 1/8 եզրափակչում պարտություն է կրել և լքել պայքարը, հետևաբար Խնձրցյանը ևս չի շարունակի ելույթները:
Ազատ ոճայիններն աշխարհի առաջնությանը մասնակցում են 6 ըմբիշով: Աշխարհի առաջնությունում իրենց ելույթները դեռ չեն սկսել Արսեն Հարությունյանը (61 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):