ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել 3 մլրդ 366 մլն 667 հազար 800 դրամի վերաբաշխում, որից 1 մլրդ 133 մլն 879 հազար դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Անդրադառնալով զեկուցվող հարցին՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ որոշման նախագծով նախատեսվում է 2 մլրդ 232 մլն դրամ գումարի շրջանակում ապահովել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը, մասնավորապես՝
- «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավազանի և հրաձգարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացնել 14,7 մլն դրամ,
- 8 հանրակրթական դպրոցների մարզադահլիճների վերակառուցման համար հատկացնել 713,4 մլն դրամ։ Այդ դպրոցներն են՝ Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցը, Երևանի թիվ 37 հիմնական դպրոցը, Երևանի թիվ 136 հիմնական դպրոցը, Փշատավանի միջնակարգ դպրոցը, Սարդարապատի միջնակարգ դպրոցը, Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցը, Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցը և Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցը։
- Բացի դրանից՝ մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպությունների համար մարզական գույքի ձեռքբերման համար նախատեսվում է հատկացնել 330,9 մլն դրամ, ինչպես նաև 70 կազմակերպության ապահովել շուրջ 250 մլն դրամի գույքով (այդ թվում՝ 18 թանգարան, 12 գրադարան, 26 մարզադպրոց, 3 ուսումնական և 6 արտադպրոցական ուսումնական հաստատություն, 5 մշակութային կազմակերպություն)։
Վարչապետը կարևորել է նաև մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ մարզական հասարակական կազմակերպությունների համար մարզական գույքի ձեռքբերման գործընթացը:
Նա հիշեցրել է, որ ընթացքի մեջ է Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման ծրագիրը, իսկ Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի կառուցումը նախագծանախահաշվային աշխատանքների փուլում է:
«Կարծում եմ՝ սա լավ պրակտիկա է, որ անվանի մարզիկների անվամբ իրենց բնակավայրերում մարզադպրոցներ են կառուցվում, որը գրավիչ կլինի երեխաների համար»,- նշել է վարչապետը: