Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ մեկնաբանել է Թուրքիայում անցկացված Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի գրանցած արդյունքները․
«Հայկական բռնցքամարտը պատմություն է կերտում։ Առաջին անգամ ի պատիվ հայ բռնցքամարտիկների Թուրքիայում հնչում է հայոց հիմնը։ Էրզրումում կայացած պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 6 մեդալ, որից երկուսը ամենաբարձր հարգի, մյուս 4-ը` բրոնզե։ Վստահ կարող եմ ասել, որ մեր թիմը կարող էր ավելին անել, բայց հասկանալով, որ երկրում ենք, ու որքան էին խանգարում ավելորդ էմոցիաներն ու լարվածությունը այս արդյունքն էլ գոհացնող է։ Գոհ եմ մեր թիմից, ունենք լավ թիմ, և այս պատանիներին մեծ ապագա է սպասվում»,- գրել է Հովսեփյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի բռնցքամարտի պատանիների հավաքականը 6 մեդալ է նվաճել Էրզրումում ավարտված Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։