Հայտնի են դարձել «Տոտենհեմի» և «Չելսիի» գլխավոր մարզիչներ Անտոնիո Կոնտեի և Թոմաս Տուխելի նկատմամբ կարգապահական տույժերի մանրամասները։
Ինչ վերաբերում է «Տոտենհեմի» մարզչին, ապա Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան (ՖԱ) որոշել է 18 հազար եվրոյի տուգանք կիրառել մարզչի նկատմամբ, իսկ «կապույտների» մարզիչը տուգանվել է մոտ 42 հազար եվրոյով և որակազրկվել մեկ խաղով (այս պահին այդ որոշումը ժամանակավորապես կասեցվել է):
«Թոմաս Տուխելը և Անտոնիո Կոնտեն խոստովանել են, որ իրենց պահվածքը Պրեմիեր լիգայի «Չելսի»-«Տոտենհեմ» հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո տեղին չէր: Այս պատժամիջոցները ենթակա են բողոքարկման»,- ասվում է ՖԱ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սթեմֆորդ Բրիջում» կայացած «Չելսի»-«Տոտենհեմ» խաղում թիմի մարզիչներ Տուխելի և Կոնտեի միջև ամբողջ հանդիպման ընթացքում կոնֆլիկտներ են եղել։ Նրանց միջև վիճաբանություն տեղի ունեցավ եզրափակիչ սուլիչից հետո, որի համար հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը երկու մարզիչներին էլ կարմիր քարտ ցույց տվեց։