«Ինտերը» հերթական անգամ հրաժարվել է ֆրանսիական ՊՍԺ-ին վաճառել իր պաշտպան Միլան Շկրինյարին։
Ինչպես հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը չի համաձայնել 50 մլն եվրոյի տրանսֆերային առաջարկին։
Ըստ ինսայդերի՝ միլանյան ակումբը չի պատրաստվում վաճառել Շկրինյարին, քանի որ նա ակումբի առանցքային խաղացողն է։ Բացի այդ, իտալացիները պատրաստվում են մոտ ժամանակներս նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել Սլովակիայի հավաքականի պաշտպանի հետ։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսին։
Հիշեցնենք, որ Շկրինյարը «Ինտեր» է տեղափոխվել 2017 թվականին «Սամպդորիայից»: Նախորդ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է իտալական Ա Սերիայի 35 հանդիպման ու դարձել երեք գոլի հեղինակ։ 2016 թվականից Շկրինյարը հրավիրվում է Սլովակիայի հավաքական։