Հելսինկիի Օլիմպիական մարզադաշտում այսօր՝ օգոստոսի 10-ին, կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 47-րդ խաղարկությունը: Հանդիպմանը կմասնակցեն Չեմպիոնների լիգայի հաղթող «Ռեալն» ու Եվրոպայի լիգայի հաղթող Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»: Հանդիպումը կսպասարկի բրիտանացի մրցավար Մայքլ Օլիվերը:
Անձնական հանդիպումների պատմությունը
«Ռեալն» ու «Այնտրախտը» միայն մեկ անգամ են մրցել պաշտոնական խաղերում: Սա տեղի է ունեցել 1960 թվականին: Այդ ժամանակ թիմերը մասնակցել են Չեմպիոնների գավաթի եզրափակչին: Մադրիդցիները 7-3 հաշվով հաղթանակ են տարել Ֆերենց Պուշկաշի պոկերի և Ալֆրեդո դի Ստեֆանոյի հեթ-տրիկի շնորհիվ:
Թիմերի ելույթները ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում
«Ռեալի» համար սա 8-րդ փորձը կլինի տիտղոսին տիրելու համար. նախորդ 4 դեպքերն ավարտվել են հաջողությամբ, իսկ 3-ը՝ ոչ: Չնայած սրան, «Ռեալն» աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է, առաջին անգամ թիմը Սուպերգավաթի խաղում խաղացել է միայն 1998 թվականին: Այդ ժամանակ մադրիդցիները պարտվել են «Չելսիին» 0-1 հաշվով: ՎԵրջին 20 տարում «Ռեալը» ևս 6 անգամ պայքարել է տիտղոսի համար: 2002, 2014, 2016 և 2017 թվականներին իսպանական թիմը Սուպերգավաթի համար պայքարում հաղթել է «Ֆեյենորդին», երկուական անգամ էլ՝ «Սևիլիային» և «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Այնտրախտը» ոչ մի անգամ հանդես չի եկել Սուպերգավաթի խաղում: 1980 թվականին գերմանական թիմը նվաճել է ՈՒԵՖԱ-ի Գավաթը, բայց այդ ժամանակ Սուպերգավաթի համար պայքարում էին Չեմպիոնների Գավաթի և Գավաթակիրների Գավաթի հաղթողները: ՈՒԵՖԱ-ի Գավաթի հաղթողն այդպիսի խաղի մասնակցեց միայն 2000 թվականից սկսած:
Ինչպե՞ս են փոխվել «Ռեալն» ու «Այնտրախտը» ամառվա ընթացքում
Տրանսֆերային ընթացիկ պատուհանում «Ռեալից» 6 ֆուտբոլիստ հեռացավ: Թիմը լքեցին ուելսցի Գարեթ Բեյլը, կիսապաշտպան Իսկոն, հարձակվող Բորխա Մայորալը, դարպասապահ Դիեգո Ալտուբեն, ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն և հարձակվող Լուկա Յովիչը: Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակից հետո թիմից հեռացավ նաև 34-ամյա պաշտպան Մարսելոն: Արքայական ակումբի շարքերը համալրեցին ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին և գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը:
«Այնտրախտը» ևս բավականին ակտիվ էր տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ակումբի շարքերը համալրեցին արգենտինացի հարձակվող Լուկաս Ալարիոն, Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, խորվաթ պաշտպան Հրվոե Սմոլչիչը: Ազատ խաղացողի կարգավիճակով թիմ տեղափոխվեցին ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին և գերմանացի հարձակվող Ֆարիդ Ալիդուն:
Մի շարք ֆուտբոլիստներ էլ հեռացան գերմանական թիմից՝ դարպասապահ Էլիաս Բերդները, պաշպաններ Դանի դա Կոստան, Էրիկ Դուրմը, կիսապաշտպաններ Դոմինիկ Կորը, Շտեֆան Իլզանկերը, Այմեն Բարկոկը, Գոնսալու Պասիենսիան: Մի քանի խաղացողի էլ թիմը վարձակալությամբ տվեց այլ ակումբներին: Ամենանշանակալի կորուստը, թերևս, պաշտպան Մարտին Հինտերեգերի հեռանալն էր, որը 29 տարեկանում հայտարարեց կարիերան ավարտելու մասին:
Ինչպե՞ս անցկացրին թիմերը նախապատրաստական շրջանը և ինչպե՞ս սկսեցին մրցաշրջանը
«Ռեալը» հավաք անցկացրեց ԱՄՆ-ում: Կառլո Անչելոտիի թիմը պարտվեց «Բարսելոնային» (0-1), ոչ-ոքի խաղաց մեքսիկական «Ամերիկայի» հետ և հաղթեցին Թուրինի «Յուվենտուսին» (2-0): Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» առաջին տուրում օգոստոսի 14-ին կմրցի «Ալմերիայի» հետ:
«Այնտրախտը» հուլիսին 5 ընկերական խաղ է անցկացրել: Նախ ջախջախեց գերմանական «Նիդեր-Վայզելին» 14-0 հաշվով, հետո առավելության հասավ «Վիկտորիա Աշաֆենբուրֆի» նկատմամբ (1-0), ոչ-ոքի խաղաց ավստրիական ԼԱՍԿ-ի հետ (0-0), ինչպես նաև հաղթեց իտալական «Տորինոյին» (3-1) և գերմանական «Աստորիա Վալդորֆին» (5-0):
Նոր մրցաշրջանը «Այնտրախտը» սկսեց Գերմանիայի Գավաթում տարած հաղթանակով: Առաջին փուլում Օլիվեր Գլազների սաները հյուրընկալվելիս ջախջախեցին «Մագդեբուրգին» (4-0): Բունդեսլիգայի առաջին տուրում «Այնտրախտը» օգոստոսի 5-ին ընդունել է երկրի գործող չեմպիոն «Բավարիային» և 1-6 հաշվով պարտություն է կրել:
Սուպերգավաթից մեկ օր առաջ «Այնտրախտը» հայտարարեց, որ «Ռեալի» դեմ խաղին չի մասնակցի թիմի առաջատարներից մեկը՝ Ֆիլիպ Կոստիչը: Սերբ ֆուտբոլիստը հեռացել է թիմից:
«Ռեալ»-«Այնտրախտ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: