Օգոստոսի 13-ին «Ինտերն» A Սերիայի առաջին տուրում կմրցի «Լեչեի» հետ։ Հանդիպումը բաց կթողնի թիմի կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը։ Խորվաթ ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի, ինչի պատճառով միլանյան ակումբի մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի դիմել։ Բրոզովիչը բաց էր թողել նաև վերջերս կայացած «Վիլյառեալի» դեմ ընկերական խաղը։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պատրաստ է մեկնարկային կազմում Բրոզովիչի փոխարեն դաշտ դուրս բերել երիտասարդ կիսապաշտպան Քրիստիան Ասլանիին։ 20-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կլինի մեկնարկային կազմում։
«Լեչե» — «Ինտեր» հանդիպումը կկայանա օգոստոսիս 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտերի» կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։