Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 4-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունել է «Լոկոմոտիվին» և 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Տանտերերի կազմում խփած գնդակով աչքի է ընկել Քրիստիան Ռամիրեսը, իսկ Օլակունլե Օլուսեգունը դարձել է դուբլի հեղինակ։
«Կրասնոդարը» երկրորդ ն հաղթանակն է տարել Ռուսաստանի առաջնությունում և իր միավորների թիվը հասցրել է 7-ի։ «Լոկոմոտիվը» 2 միավորով 14-րդ տեղում է։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 87-րդ րոպեին։
Տուրի մյուս խաղում Գրոզնու «Ախմատը» սեփական հարկի տակ ընդունել է Ռուսաստանի գործող չեմպիոն Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Առաջին կեսի վերջնամասում «Զենիթի» դարպասապահ Դանիլ Օդոևսկին վերջին հույսի խախտման համար հեռացվել է խաղադաշտից՝ ուղիղ կարմիր քարտ ստանալով։ Զենիթցիների գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը ստիպված է եղել փոխարինել Անդրեյ Մոստովոյին՝ նրա փոխարեն խաղադաշտ դուրս բերել Միխայիլ Կերժակովին։
«Զենիթը» 8 միավոր է վաստակել և շարունակում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնել։ «Ախմատը» 5 միավորով 8-րդ տեղում է։