ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մեկնաբանել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում «Նանտի» նկատմամբ տարած հաղթանակը (4:0), ինչպես նաև բարձր է գնահատել Լիոնել Մեսսիի և Նեյմարի խաղը։ Այս խաղում բրազիլացին դուբլի հեղինակ դարձավ, արգենտինացին՝ մեկ գոլի։
«Մենք շատ լուրջ հանդիպում անցկացրինք. ակնկալում էինք սա, խաղացողները խաղին մոտեցան մեծ ցանկությամբ, վճռականությամբ, լրջությամբ։ Ես տեսա, թե ինչպես են խաղացողները մեծ ջանքեր գործադրում։ Ինձ համար դա շատ կարևոր է։ Սա մեծ հաղթանակ է։
Ինչ վերաբերում է Նեյմարին և Մեսսիին, ապա նախորդ մրցաշրջանում նրանց խիստ քննադատում էին: Ես հաճախ եմ հանդիպում նրանց և շփվում եմ ոչ պաշտոնական միջավայրում: Պետք է լինի թիմային աշխատանք. այս պահին չորս-հինգ շաբաթ աշխատելուց հետո ամեն ինչ լավ է։ Դրանից հետո դուք պետք է թույլ տաք նրանց ցուցադրել իերնց խաղը: Ակնհայտ է, որ նրանք մեծ տաղանդ ունեն։
Դեռ մի բան կա, որ բարելավման կարիք ունի, բայց ընդհանուր առմամբ ես գոհ եմ պատրաստվածությունից, այս հաղթանակից ու հոգեվիճակից։ Հենց սկզբից համաշխարհային մակարդակի այս խաղացողները բաց չեն թողել մարզումները»,- ասել է Քրիստոֆ Գալտիեն Prime Video-ին տված հարցազրույցում։