Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:
1-ին տարիքային խմբի՝ 18-ից 35 տարեկան կանանց պայքարում հաղթող են ճանաչվել երևանցիներ Աելիտա Ղազարյանը, Հռիփսիմե Ղուկասյանը և Շիրակի մարզի ներկայացուցիչ Արմենուհի Կուրղինյանը:
Կանանց տարիքային առաջին խմբում հաղթող ճանաչված Աելիտա Ղազարյանը 6 տարեկանից, մոտ 16 տարի, զբաղվել է սեղանի թենիսով, Հայաստանի բազմակի չեմպիոնուհի է, բայց 12 տարի է՝ ավարտել է մարզական կարիերան: Ասում է՝ դժվար էր նորից սպորտային պայքարի մեջ մտնելը. «Շատ վաղուց չէի մարզվել, այդ առումով շատ բարդ էր, բայց շատ գեղեցիկ խաղ ստացվեց, ու շատ համառ պայքար: Լավ կլինի, որ նման մրցաշարերը լինեն շարունակական և ավելի մեծ մասսայականություն վայելեն: Թեև մրցաշարը սիրողական բնույթ էր կրում, բայց տարիքային բոլոր խմբերում էլ շատ համառ պայքար ծավալվեց մեդալների համար պայքարում: Բոլորը հաղթանակի էին ձգտում, ունեին նպատակ, ինչը շատ լավ է: Մրցանակային ֆոնդն էլ բավականին մեծ էր, ինչը շատ ոգևորիչ էր: Կարծում եմ՝ հաջորդ տարի մասնակիցների թիվն ավելի մեծ կլինի»:
Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ինից 20-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները ստացել են դրամական պարգևներ և ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև գավաթներով և մեդալներով:
Ընդհանուր առմամբ՝ դրամական պարգևներ է ստացել 80 մասնակից: 1-ին տեղի համար սահմանված է եղել 1.000.000 դրամ մրցանակ, 2-րդ տեղի համար՝ 600.000 դրամ, 3-րդ տեղի համար՝ 400.000 դրամ, 4-րդ տեղի համար՝ 150.000 դրամ, 5-րդ տեղի համար՝ 100.000 դրամ, 6-10-րդ տեղերի համար՝ 75.000-ական դրամ, 11-20-րդ տեղերի համար՝ 50.000-ական դրամ: