Մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) — Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին երկուական տարիքային խմբերում շուրջ 360 հեծանվորդ է մասնակցել:
Տղամարդկանց առաջին տարիքային խմբում հաղթող ճանաչված Պավել Ստեփանյանն Աբովյանից է, ժամանակին զբաղվել է հեծանվասպորտով, իսկ 40 կմ մրցատարածությունը հաղթահարել է 1 ժամ 15 րոպեում: Ասում է՝ մրցատարածությունը քիչ էր, բայց կային շատ ուժեղ մրցակիցներ. «Նախորդ տարվա մրցաշարին 4-րդ տեղն էի զբաղեցրել, քանի որ լավ չէի պատրաստվել ու, անկեղծ ասած, այդքան էլ լուրջ չէի վերաբերվել մրցաշարին, քանի որ Հայաստանում նմանօրինակ մրցանակային ֆոնդով մրցումներ շատ չեն լինում: Այս տարի արդեն լուրջ մոտեցա: Լավ էի նախապատրաստվել և ուրախ եմ, որ կարողացա հաջողության հասնել»:
Աղջիկների առաջին տարիքային խմբում էլ հաղթող է ճանաչվել 27-ամյա Նարե Ղարիբյանը՝ դարձյալ Կոտայքի մարզից: Նա մրցատարածությունը հաղթահարել է 1 ժամ 20 րոպեում, իսկ հեծանվասպորտով սկսել է զբաղվել նախորդ տարվա հունիսից. «Նախորդ տարի երկրորդ հորիզոնականը զբաղեցրի՝ երեք ամիս մարզվելով: Դրանից հետո անընդհատ շարունակում էի մարզումները, նույնիսկ՝ ձմռանը: Երկու շաբաթ առաջ էլ մարզվում էի այս տարածքում ու նույն հեռավորությունը 1 ժամ 14 րոպեում էի հաղթահարել: Լավագույն արդյունքը չէր, բայց ուրախ եմ, որ այս անգամ առաջին տեղով ավարտեցի»: