Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ ամփոփել է Երևանում անցկացված Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը.
«Անթաքույց հպարտությամբ պետք է փաստեմ, որ Երևանում անցկացված Եվրոպայի 44-րդ առաջնությունը իր կազմակերպվածությամբ լավագույնն էր մարզաձևի պատմության մեջ, դա փաստում են նաև մեր արտասահմանցի գործընկերները, որոնք դեռ շարունակում են մեզ շնորհակալական ուղերձներ հղել:
Եվրոպայի առաջնությունը թիմային մեծ աշխատանքի արդյունք էր: Մրցաշարի համար Հայաստան եկավ մոտ 400 մարզիկ ու պատվիրակության անդամ, բայց կրկնակիից ավելի մարդ արեց հնարավորն ու անհնարինը, որ Հայաստան ժամանած հյուրերը Հայաստանինց հեռանան անմոռանալի հուշերով և երբեք չմոռանան Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունը»,- գրել է Հովսեփյանը:
Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ բոլորովին պատահական չէ, որ IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը հայտարարեց, որ Հայաստանը նոր նշաձող է սահմանել բռնցքամարտում և այսուհետ բոլորը պետք է օրինակ վերցնեն Հայաստանից.
«Շնորհակալ եմ մեր կառավարությանը, որն աջակցեց բռնցքամարտի եվրոպական ստուգատեսը Երևանում անցկացնելու համար: Շնորհակալ եմ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանին և նրանց աշխատակազմին , Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի բոլոր ներկայացուցիչներին, որոնք օր ու գիշեր սրտացավ ու մեծ նվիրվածությամբ արեցին ամեն ինչ մրցաշարը լավագույնս անցկացնելու համար: Շնորհակալ եմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին` հանձինս ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին սերտ համագործակցության համար, շնորհակալություն նաև հայաստանյան լրատվամիջոցներին, որոնք մեր երկրում անցկացվող կարևոր մարզական իրադարձությունը սփռեցին աշխարհով մեկ:
Մենք ուժեղ ենք միասին և վստահ կարող եմ ասել, որ մարզաձևի միջազգային կառույցները այսուհետ մեզ վերաբերվելու են շատ ավելի հարգանքով, իսկ մեր երկրում դեռ ավելի մեծ մարզական իրադարձություններ են կայանալու»,- գրել է Հովսեփյանը: