Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ընդունեց բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը և այն անցկացրեց ամենաբարձր մակարդակով:
Այս մասին փաստում են ինչպես առաջնության կազմակերպիչներն, այնպես էլ՝ միջազգային ու եվրոպական ֆեդերացիաների ներկայացուցիչները:
«Բացման արարողությունից հետո բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի և եվրոպական կոնֆեդերացիաների նախագահները միաբերան ասում էին՝ «Այս օլիմպիական խաղե՞ր էիք բացում»: Շատ մասշտաբային էր ու շատ գեղեցիկ: Արտերկրից ժամանած մեր բոլոր հյուրերը պարզապես հիացած էին: Միաբերան բոլորի կողմից շատ լավ արձագանքներ ենք ստացել»,- ArmSport-ի հետ զրույցում ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Նա նաև պատմում է, թե ինչ արձագանքներ են ստացել պրոֆեսիոնալ բռնցքամատիկներ Արթուր Աբրահամից և Վիկ Դարչինյանից, ովքեր մրցաշարի ամբողջ ընթացքում հետևում էին մերոնց մենամարտերին և իրենց խորհուրդներով ու ներկայությամբ օգնում և քաջալերում մեր տղաներին. «Երբ Արթուր Աբրահամին հարցրի՝ «Արթուր, նորմա՞լ է», ասաց՝ «Ոչ, աննորմալ է: Այսքան լավ չի կարող լինել»: Վիկ Դարչինյանն ասում էր՝ նմանօրինակ միջոցառումներ Լաս-Վեգասում են կազմակերպվում, այն էլ՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Ամեն դեպքում մենք արեցինք այն, ինչ կարող էինք, որպեսզի մեր արտասահմանյան գործընկերները հասկանան՝ Հայաստանն ի վիճակի է ամենաբարձր կարգի մրցումներ անցկացնել»:
Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնությունը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան խորհրդանշական նվերներ է հանձնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին:
«Արեցինք հնարավորն ու անհնարինը՝ երկրի պատիվը բարձր պահելու համար»
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի տղաների համար ևս սա կարևոր ու աննախադեպ իրադարձություն էր: 7 օր մարզահամերգային համալիրը ֆանտաստիկ աջակցություն էր ցուցաբերում հայ բռնցքամարտիկներին՝ նրանց մղելով ավելի մեծ հաջողությունների:
ԵԱ-ում մեդալակիր դարձած մեր բռնցքամարտիկները միաբերան նշում են՝ սեփական պատերի ներքո հանդես գալը մեծ պատիվ էր իրենց համար.
«Այնպիսի էմոցիաներ, ինչպիսին մեր ժողովուրդը փոխանցեց թե՛ դահլիճում թե՛ դահլիճից դուրս՝ չէի զգացել։ Այս հաղթանակը ամեն մեկինդ է։ Շնորհակալ եմ քեզ, իմ Հայ ազգ»,- Եվրպայի առաջնության ավարտից հետո գրեց գյումրեցի Հովհաննես Բաչկովը, որը, կարելի է ասել, մեկ ձեռքով հաղթելով իր բոլոր մրցակիցներին, կարիերայում երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Բազեյանը, որն առաջնության ավարտից հետո բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի կողմից ստացավ ոսկե մեդալն ու չեմպիոնական գոտին, առանձնացնում է թուրք մարզիկի նկատմամբ տարած ֆանտաստիկ հաղթանակը ԵԱ-ի քառորդ եզրափակչում.
«Արեցինք հնարավորն ու անհնարինը, որ լավ հանդես գանք ու մեր հայրենիքի պատիվը բարձր պահենք: Գերազանց տպավորություններ ունենք: Նախ, ֆանտաստիկ էր մեր հայրենակիցների աջակցությունը: Դա շատ կարևոր էր ու ուժ էր տալիս մեզ: Վստահ էի, որ իմ հայրենիքում պետք է թուրքին հաղթեմ: Տրիբունաներն էլ ինձ շատ օգնեցին: Յուրաքանչյուր հարվածից հետո պատկերացնում էի, որ ամեն մի հայ է խփում նրան»,- ասել է Բազեյանն՝ ամփոփելով Եվրոպայի առաջնությունը:
Եզրափակչում Բազեյանն իսկապես ցավալի ու անարդարացի պարտություն կրեց և պարգևատրման արարողության ժամանակ չէր կարողանում զսպել հուզմունքը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում երկրորդ արծաթե մեդալը նվաճած Ռաֆայել Հովհաննիսյանին շատերը համարում են այս առաջնության բացահայտումը մեր թիմի կազմում: Երիտասարդ բռնցքամարտիկը մեկը մյուսից տպավորիչ մենամարտեր անցկացրեց, երկրպագուների կողմից ստացավ ֆանտաստիկ աջակցություն ու տպավորվեց նաև հաղթանակները տոնելիս ցույց տված հատուկ ժեստով:
Մեծահասակների պայքարում իր առաջին մեդալը նվաճելուց հետո Հովհաննիսյանն ասել է՝ այսքանով չի սահմանափակվելու և ձգտելու է ավելիին. «Տարվա ամենալուրջ ստուգատեսն էր, հիմա եմ հասկանում, թե որքան աշխատանք ենք կատարել: Մեզ լավ պատրաստելու համար շնորհակալ եմ մարզիչներին: 2017 թվականից սկսած կիսաեզրափակիչ հասնելու ճանապարհին զիջում էի, բայց այս անգամ կարողացա հավաքվել ու հաղթել: Սրանով չեմ սահմանափակվելու ու ձգտելու եմ հասնել մեծ բարձունքների»։
92 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը ևս իր առաջին մեդալն էր նվաճում մեծահասակների պայքարում. «Շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ աջակցել են մարզահամերգային համալիրում: Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն ասել մեր բժշկական անձնակազմին, նրանք ահռելի աշխատանք ենք տանում մեզ հետ: Ծանր մենամարտեր ունեցա և 3-րդ տեղը գրավեցի: Առաջ եմ նայում ու գնալու եմ ոսկու հետևից»:
Առաջ դեպի աշխարհի առաջնություն
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ասում է՝ հաշվի առնելով Եվրոպայի առաջնության անցկացման բարձր մակարդակը, այսօր արդեն կարող ենք քննարկել Երևանում նաև աշխարհի առաջնությունն ընդունելու հնարավորությունը. «Կփորձենք աշխարհի առաջնություն էլ անցկացնել: Ասեմ նաև, որ ձեզ այլ անակնկալ էլ է սպասվում»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մշտապես ընդգծում է՝ Հայաստանը պետք է պարբերաբար դառնա շատ լուրջ մարզական իրադարձությունների հավաքատեղի և իր հստակ տեղն ունենա աշխարհի սպորտային քարտեզում: Վստահաբար, այս ուղղությամբ արված առաջին լուրջ քայլը կարելի է ստացված համարել: