Այսօր կայացած նիստում ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի շրջանակում «Երևանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը տրամադրել պետական աջակցություն՝ 22,315.0 հազար դրամի չափով, որից 4539,5 հազար դրամ՝ առաջին կիսամյակում և 17775.5 հազար դրամ՝ 4-րդ եռամսյակում:
Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:
Աջակցությունը տրամադրվում է 2022 թ․ Երևանում նախատեսվող երեք միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման համար։
Անհրաժեշտ 22,315.0 հազար դրամը կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի ընդհանուր հատկացումների շրջանակում՝ պահուստային ֆոնդի միջոցով վերաբաշխում կատարելու արդյունքում:
«Ապագա տաղանդներ 2022» (Արսեն Եղիազարյանի անվան «Պատանի շախմատիստների միջազգային մրցաշարի կազմակերպում և անցկացում» հուշամրցաշար) պատանի շախմատիստների միջազգային մրցաշարը կանցկացվի 2022 թ․ հունիս-հուլիս ամիսներին: Մրցաշարին կմասնակցի 10 շախմատիստ, որից 6-ը՝ Հայաստանից, 4-ը՝ արտերկրից։ Մրցանակային ֆոնդը կկազմի 2,550․0 հազար դրամ, մրցաշարի ընդանուր ծախսը՝ 4,539․5 հազար դրամ:
«Երևան օփեն 2022» միջազգային մրցաշարը կանցկացվի 2022 թ․ հոկտեմբերին, որին կմասնակցի շուրջ 14 երկրի ավելի քան 310 մասնակից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 14,000․0 հազար դրամ։
«Պատանի շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշարը» կանցկացվի 2022 թ․ դեկտեմբեր ամսին, որին կմասնակցեն 5 պատանի շախմատիստներ և 5 լավագույն շախմատային մարզիչներ՝ երկու շրջանով։ Մրցանակային ֆոնդը կկազմի 3,350․0 հազար դրամ, մրցաշարի ընդանուր ծախսը՝ 3,775․5 հազար դրամ։
Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագիրը կիրականացվի ՀՀ պետական բյուջեի աջակցությամբ և «Երևանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ի միջոցներով։