Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունը.
«Մեր բոլոր տղաները շատ մեծ պայքար են ցույց տվել: Այն մենամարտերում, որոնցում պարտվել ենք, կռվել ենք մինչև վերջ, եղել է հավասար պայքար: Առաջնության արդյունքներն այնքան էլ չեն գոհացնում, պետք է ավելի շատ ոսկե մեդալներ ունենայինք:
Հուսով եմ՝ հետագայում թե՛ մեր սխալները կուղղենք, կշտկենք, թե՛ մրցավարների, միջազգային գործընկերների հետ էլ եմ հաճախ քննարկումներ ունենում: Փորձի պակասը մեր տղաներին խանգարեց: Մեկ տարի է ֆեդերացիայի նախագահ եմ ու այս կարճ ժամկետում հնարավոր չէր լիովին լրացնել փորձի պակասի բացը: Դրա համար տարիներ են պետք:
7 մարզիկի պարտության դեպքում համաձայն չեմ եղել: Մասնագետների կարծիքն էլ էր այդպիսին: Անհասկանալի բաներ էին կատարվում: Եվրոպական կոնֆեդերացիայի առաջիկա նիստին էլ քննարկելու ենք այդ հարցը»,- ասել է Հովհաննես Հովսեփյանը:
Ֆեդերացիայի նախագահի դիտարկմամբ՝ մրցավարների կողմից առկա էր ոչ թե կողմնակալ մրցավարություն, այլ՝ անգրագիտություն.
«Ոչ թե կողմնակալություն էր մրցավարների կողմից, այլ՝ անգրագիտություն: Մրցավարության հետ կապված խնդիրները միջազգային ասպարեզում շատ կան: Կան փորձառու մրցավարներ, որոնք այս մրցաշարին ներկա չէին ինչ-որ խնդիրների պատճառով: Միջազգային ֆեդերացիան է նշանակում Եվրոպայի առաջնության մրցավարներին: Մինչև տարվա վերջ մրցավարական խնդիրները պետք է լուծվեն»:
Հովսեփյանն ասում է՝ շատ բարձր գնահատական են ստացել միջազգային ֆեդերացիայի կողմից՝ ԵԱ-ի կազմակերպման և անցկացման համար.
«Շատ բարձր գնահատական ենք ստացել միջազգային ֆեդերացիայից: Այսօր կարողանում ենք քննարկել նաև հետագայում աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու գաղափարը»: