Մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) — Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին երկուակական տարիքային խմբում շուրջ 350 հեծանվորդ է մասնակցել:
40 կմ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում բոլորից արագ հաղթահարել են Պավել Ստեփանյանը, Սերգեյ Պողոսյանը և Անանիա Ոսկանյանը, իսկ կանանց առաջին տարիքային խմբում՝ Նարե Ղարիբյանը, Անի Սարգսյանը, Լիլիթ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տղամարդկանց երկրորդ տարիքային խմբի լավագույն եռյակում ընդգրկվել են Սամվել Հովհաննիսյանը, Վազգեն Ղուլիջանյանը և Արմեն Գևորգյանը, իսկ կանանց երկրորդ տարիքային խմբում՝ Ռուզաննա Հովասափյանը, Լիլիթ Արարատյանը և Սեդա Ազատյանը:
«Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է բոլոր ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին. «Նախ ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորել Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով: «Վարչապետի գավաթ» մրցաշարն ի սկզբանե հենց այդպես էլ պլանավորել ենք, որ ամեն ձևի հետ կապված գավաթը տեղի ունենա մեր պետականության համար կարևոր նշանակություն ունեցող օրերին:
Ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև այս մրցաշարերը կայանում են, և ամեն տարի մենք տեսնում ենք, որ մի փոքր ավելի մասնակիցներ ունենք: Շարունակելու ենք բոլոր մրցաշարերը, դրանք լինելու են ավանդական, մրցանակային հիմնադրամը առնվազն չի պակասելու: Հույս ունենանք՝ սա կնպաստի, որպեսզի մեր երկրում ավելի շատ մարդիկ զբաղվեն սպորտով, առողջ ապերալակերպը դառնա կենսակերպ»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ մրցաշարը միանշանակ կարելի է ստացված համարել. «Այս անգամ պրոֆեսիոնալ ֆեդերացիայից բացի, ընդգրկեցինք սիրողական հեծանվասպորտի մրցավարների ու չունեցանք որևէ խնդիր: Տեսնում եք՝ որքան մարդ է այսօր առողջ ապրում: Անում ենք ամեն ինչ, որպեսզի առողջ ապրելակերպը ոչ թե ձևական բնույթ կրի, այլ մտնի կենցաղ»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև առաջին անգամ սիրողական մրցաշարում դոպինգ-ստուգում իրականացնելը. «Մենք ազնիվ և մաքուր սպորտի կողմնակիցն ենք՝ դեմ ցանկացած խթանիչների: Ստուգումն իրականացվել է Հայաստանի հակադոպինգային հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ բոլորովին անվճար»»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-ինից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ
11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ։