Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմին հայտնել է, որ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում կմնա ՊՍԺ-ում:
Այս մասին հայտարարել է իսպանացի հայտնի ֆուտբոլային փորձագետ և լրագրող Գիյոմ Բալագեն։
«Հենց նոր տեղեկացա, որ Ֆլորենտինո Պերեսն այսօր երեկոյան հանդերձարանում խաղացողներին ասել է, որ Մբապեն չի տեղափոխվի Մադրիդ։ Բայց եկեք սպասենք, թե ինքը՝ Մբապեն, ինչ կասի՝ նախքան որևէ բան հաստատելը»,- գրել է Բալագեն։
Իր հաջորդ գրառման մեջ նա ավելացրել է, որ և՛ «Ռեալը», և՛ ՊՍԺ-ն պատրաստ են եղել Մբապեին վճարել 150 միլիոն եվրո ստորագրման բոնուս և կատարել նրա մյուս պահանջները: Թե կոնկրետ ինչ խաղաց փարիզեցիների օգտին, Բալագեն չի հստակեցրել։ Կիլիան Մբապեի մայրը՝ Ֆայզան, նույնպես հայտնել է, որ մադրիդյան և փարիզյան ակումբները նույն առաջարկն են արել։