«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին մտադիր է կարիերան շարունակել Իտալիայից դուրս։ Այս մասին 37-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ հանդիպումից հետո (2:2)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կյելինին կտեղափոխվի MLS-ի ակումբներից մեկը։
«MLS.․․ Ճիշտն ասած, չգիտեմ, ես մեծ որոշում ունեմ կայացնելու։ Արտերկրում ունեցած փորձը մշակութային մակարդակով ավելի է հարստացնում, քան խաղային մակարդակով, այդ իսկ պատճառով ես կարիք ունեմ զգալու մեկ այլ մշակույթ Թուրինի կյանքից դուրս, որն այնքան լավ գիտեմ: Շուտով ամեն ինչ կորոշեմ ընտանիքիս հետ»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Կյելինին կհեռանա թիմից 2021/22 մրցաշրջանի ավարտին։ Նա «Յուվենտուս» է տեղափոխվել 2005 թվականին «Ֆիորենտինայից»: