Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնական կայքում հայտնել է, որ Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքի կապակցությամբ կարգապահական հետաքննություն է սկսել Էկվադորի հավաքականի խաղացող Բայրոն Կաստիլյոյի կողմից փաստաթղթերի հնարավոր կեղծման վերաբերյալ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Կաստիլյոն 23 տարեկան է, նա էկվադորի Պլայաս քաղաքից է։ Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավաբանները հետաքննություն են անցկացրել, և, ըստ նրանց, Կաստիլյոն իրականում երեք տարով մեծ է, և նա Կոլումբիայի քաղաքացի է։
Չիլիական կողմը պահանջում է չեղարկել 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Էկվադորի ազգային հավաքականի այն խաղերի արդյունքները, որին մասնակցել է Կաստիլյոն, և Էկվադորի թիմին այդ հանդիպումներում տեխնիկական պարտություններ գրանցել։
Էկվադորի հավաքականը վաստակել է 26 միավոր և զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը, որը տալիս է Աշխարհի առաջնության ուղիղ ուղեգիր։ Չիլիի հավաքականը (19 միավոր) զբաղեցրել է յոթերորդ տեղը: Այնուամենայնիվ, Կաստիլյոն չի խաղացել Պերուի (հինգերորդ տեղ, 24 միավոր) և Կոլումբիայի (վեցերորդ տեղ, 23 միավոր) հետ ընտրական մրցաշարում, ուստի չիլիական կողմը ակնկալում է, որ եթե Էկվադորի հավաքականին տեխնիկական պարտություն գրանցվի, Չիլիի հավաքականը լրացուցիչ վեց միավոր կստանա և կշրջանցի աղյուսակում Պերուին ու Կոլումբիային և, համապատասխանաբար, պետք է ձեռք բերի Քաթարի մրցաշարի ուղեգիր։
Ապրիլի 1-ին Դոհայում կայացած Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքում Էկվադորի հավաքականը ընդգրկվել է A խմբում, որտեղ պետք է հանդիպի Սենեգալի, Նիդեռլանդների և տանտերերի՝ Քաթարի ազգային հավաքականի հետ։